Լրահոս
Օրվա լրահոսը

1 միլիարդ դոլար՝ ՀՀ ժողովրդի կյանքի բարելավման համար. Դեբորա Գրիզերի հոդվածը

Հոկտեմբեր 11,2017 12:36

1992 թվականից ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցել է Հայաստանի կառավարության և քաղաքացիների հետ՝ մի շարք մարտահրավերների առճակատելու հարցում: 25 տարվա ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակությունը, ինչպես նաև ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի կառավարության գործընկերությունը զարգացել է՝ արձագանքելով Հայաստանի փոփոխվող կարիքներին՝ ժամանակակից ժողովրդավարական հասարակություն և ազատ շուկայական տնտեսություն դառնալու վերջինիս ճանապարհին: ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար՝ Հայաստանի ժողովրդի կյանքի բարելավման, ինչպես նաև ժողովրդավարական, տնտեսական և սոցիալական կառավարման բարելավմանն ուղղված նրա ջանքերին օժանդակելու նպատակով:

1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո ԱՄՆ ՄԶԳ-ն, այլ միջազգային կառույցների հետ մեկտեղ, սնունդ, կացարան, դեղորայք և վառելիք տրամադրեց աղետից տուժածներին: 1992 թվականին, Հայաստանի անկախացումից հետո հիմնադրվեց Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը, իսկ ԱՄՆ ՄԶԳ-Հայաստան համագործակցությունը պաշտոնապես սկսվեց մարդասիրական օժանդակության ծրագրերից:

1990-ականների վերջում ԱՄՆ ՄԶԳ օժանդակությունը մարդասիրական կամ «օգնության» ծրագրերից վերածվեց երկարաժամկետ կայուն զարգացման ծրագրի: ԱՄՆ ՄԶԳ-ն սկսեց աշխատել Հայաստանի Կառավարության հետ՝ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի օգնությամբ իրականացնելով մակրոտնտեսական բարեփոխումներ և ազատականացնելով շուկաները՝ մասնավոր հատվածի աճը և էներգետիկ ոլորտը վերականգնելու նպատակով: Միասին մենք զարգացրեցինք ժողովրդավարական հաստատությունները, սատարեցինք քաղաքացիական հասարակության աճին, ամրապնդեցինք օրենքի գերիշխանությունը և բարեփոխումներ իրականացրեցինք՝ ուղղված առողջապահական ծառայությունների որակի բարելավմանը, սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և խոցելի երեխաների պաշտպանության համակարգի հզորացմանը:

Հայաստանի մասնավոր և պետական հաստատությունների զարգացման հետ զարգացավ և ԱՄՆ ՄԶԳ-Հայաստան գործընկերությունը: Այժմ ԱՄՆ ՄԶԳ ծրագրերն իրականացվում են տեղական կազմակերպությունների միջոցով և սատարում են հայաստանյան կողմի նախաձեռնություններին: ԱՄՆ ՄԶԳ-ն ուղղակիորեն աշխատում է Հայաստանի կառավարության, Հայաստանյան կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ, և համակարգված աշխատանք է կատարում այլ միջազգային դոնորների և կազմակերպությունների հետ՝ զարգացման մնացած մարտահրավերներին անդրադառնալու նպատակով: Միասին մենք խթանում ենք տնտեսական աճը ագրոբիզնեսի և տուրիզմի ոլորտում՝ գյուղի զարգացման միջոցով, և աջակցում ենք քաղաքացիական ավիացիայի, էներգետիկ անկախության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Մենք խթանում ենք ժողովրդավարությունն ու կառավարման բարելավումը՝ տեղական ինքնակառավարման բարեփոխումների, հակակոռուպցիոն գործունեության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, անկախ ԶԼՄ-ների և մարդու իրավունքների պաշտպանության միջոցով: Միասին մենք խթանում ենք երեխաների պաշտպանության բարեփոխումները, ներառական կրթության համակարգը, և աշխատում ենք տուբերկուլյոզի, ինչպես նաև մայրական և մանկական մահացության բեռի նվազեցման ուղղությամբ:

ԱՄՆ կառավարության երկարաժամկետ նպատակն է Հայաստանի հետ իր հարաբերությունների փոխակերպումը օժանդակությունից՝ առևտրային հարաբերությունների: ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտ է Հայաստանի հետ իր համագործակցությամբ և վերջին 25 տարվա զարգացումներով: Հիմնվելով մեր հաջողությունների վրա մենք պատրաստ ենք շարունակել մեր ջանքերը առավել ներառական, բարգավաճ և լավ կառավարվող հայաստանյան հասարակության կայացման ուղղությամբ:

Մեր ժառանգությունը

ԱՄՆ ՄԶԳ համագործակցությունը ՀՀ Կառավարության, քաղաքացիների, միջազգային և տեղական գործընկերների հետ տպավորիչ արդյունքների է հանգեցրել: Միասին մենք իրականացրել ենք հետևյալ աշխատանքները.

  • մշտական բնակարաններ ենք տրամադրել 1988թ. երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 7000 ընտանիքների.
  • մրցունակ մասնավոր հատված ենք ստեղծել՝ մակրոտնտեսական բարեփոխումների իրականացման և շուկաների ազատականացման միջոցով նպաստելով կենսունակ ֆինանսական հատվածի, Հայաստանի Կենտրոնական բանկի, իրավական և կանոնակարգիչ համակարգերի կայացմանը, ինչպես նաև բարելավելով ֆինանսների հասանելիությունը.
  • սատարել ենք էներգետիկայի ոլորտի փոփոխություններին՝ մասնավորեցման և էլեկտրաէներգիայի արտադրության և բաշխման հաշվառման, ինչպես նաև էներգետիկայի, ջրային ռեսուրսների և հեռահաղորդակցության ոլորտների կարգավորմանն ուղղված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ստեղծման և հատվածում ռազմավարական զարգացումը կանոնակարգող «Էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագրի» միջոցով.
  • փոփոխություններ ենք իրականացրել հարկային կանոնակարգերի և վարչարարության ոլորտում՝ Հայաստանում հարկերի հավաքագրման ենթակառուցվածքների թափանցիկության բարելավման և արդիականացման նպատակով՝ բիզնեսներին և հեռանկարային ներդրողներին տրամադրելով բարելավված և ավելի արդյունավետ ծառայություններ.
  • ամրապնդել ենք գյուղական տնտեսությունները և աշխատատեղեր ստեղծել՝ գյուղական ձեռնարկատիրության խթանման, առևտրի դյուրացման և գյուղական բիզնեսների համար տեղական և տարածաշրջանային շուկաների հասանելիության բարելավման միջոցով.
  • ձևավորել ենք ժողովրդավարական հաստատությունները՝ քաղաքացիական հասարակություն, քաղաքական կուսակցություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, անկախ ԶԼՄ-ներ և օրենքի գերիշխանություն և զարգացրել կարողություններն ուղղված քաղաքացիների ներգրավմանը որոշումների կայացման գործընթացներում և հանրային ծառայությունների բարելավմանը.
  • բարելավել ենք հայաստանցիների համար որակյալ բուժծառայությունների հասանելիությունը՝ ընդարձակելով առողջության առաջնային պահպանման և մայրական ու մանկական առողջության ծառայությունները, հզորացնելով Առողջապահության նախարարության ինստիտուցիոնալ կարողությունները, բարելավելով բուժաշխատողների հմտությունները, ինչպես նաև կահավորելով և վերանորոգելով Հայաստանի ամենակարիքավոր գյուղական բուժհաստատությունների երկու երրորդը.
  • ամրապնդել ենք սոցիալական ապահովության ցանցերը և բարելավել սոցիալական պաշտպանության համակարգերի արդյունավետությունն ու թափանցիկությունը, ներառյալ «114» թեժ գծի հիմնադրումը՝ բոլոր սոցիալական ծառայությունների ռեսուրսների վերաբերյալ քաղաքացիներին օժանդակություն տրամադրելու նպատակով.
  • հիմնադրել ենք Հայաստանի ամերիկյան համալսարանը և խթանել նրա վերածումը մի հաստատության, որն ուսուցանում է Հայաստանի ապագա առաջնորդներին, խթանում է քաղաքացիական մասնակցությունը և ժողովրդավարական արժեքները.
  • արդիականացրել ենք Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը՝ այն դարձնելով ժամանակակից ախտորոշիչ հաստատություն, որն այժմ մի շարք ծառայություններ է տրամադրում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց.
  • մի շարք պետական և մասնավոր հաստատություններ վերածել ենք առաջատար նորարարական, ձեռնարկատիրական, կրթական և հետազոտական կենտրոնների, ինչպիսիք են՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները և Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031