Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ-ում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումներ են: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց, թե ինչ են իրենք առաջարկում նախագծով, «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրով:
Վիգեն Սարգսյանն ասաց, որ ընդլայնվել է եղբայրների զինծառայության արտոնությունը: Մինչ այժմ եթե երկու եղբայր նույն ընթացքում ԶՈՒ-ում ծառայում են, նրանցից մեկը կարող էր վիճակահանությամբ մասնակցել, մյուսը կարող էր նույն զորամասն ընտրել՝ որպես ծառայության վայր: Այս նախագծով առաջարկում են, որ եթե ավագ եղբոր ծառայության 17 ամիսը չի լրացել, ցանկացած պահի կրտսեր եղբայրն էլ կարող է գնալ նույն զորամասում ծառայելու:
Մի ուշագրավ փոփոխություն եւս արվում է: Նախարարը հայտարարեց. «Իրական կյանքում չգործող տեղական զորակոչային հանձնաժողովները վերանում են: Զինկոմիսարիատում գործող հանձնաժողովը անելիք չունի: Մարզային հանձնաժողովներ են ձեւավորված, պատասխանատվության լղոզման ձեւերը մենք վերացնում ենք»:
Վիգեն Սարգսյանն անդրադարձավ բուժզննմանը. «Մենք ունենք մտահոգիչ վիճակ, որտեղ նորակոչիկի առողջական վիճակի որոշման խնդիրը 3-4 օղակի վրա է թողնված՝ լղոզված պատասխանատվություն: Մեկը տալիս է եզրակացություն վիզուալ կոնտակտի հիման վրա, ուղեգրում է մարդկանց շրջանային պոլիկլինիկաներ զննում անցնելու եւ հանձնաժողով արդյունքները ներկայացնելու: Բուժհաստատությունը որոշման համար պատասխանատվություն չի կրում, բժիշկն ասում է՝ էխոյի վրա տեսել եմ քար, հանձնաժողովն ասում է, բերել է քարի ախտորոշում, ես էլ գրել եմ ոչ պիտանի ու շատ դժվար էր հասկանալ, թե որ օղակում է որոշումը կեղծված: Այսօր, երբ մեր բոլոր քաղաքացիները ունեն ընտանեկան բժիշկների կցագրում եւ պետությունը նախազորակոչային տարիքում նախատեսում է երկու անգամ ամբողջական բուժզննում, բացարձակ անիմաստ է հսկայական գումարներ ծախսել պետական բյուջեից՝ զինկոմիսարիատում բուժհանձնաժողով պահելու համար: Քաղաքացին պետք է ունենա ստանդարտ առողջական վիճակի գնահատման ձեւ, որի տակ իր կցագրման բուժհաստատությունը՝ պոլիկլինիկան, ամբուլատորիան պիտի պատասխանատվություն ունենա եւ ստորագրի՝ ես զննել եմ, այս հիվանդությունն ունի կամ չունի: Հանրապետական հանձնաժողովը պիտի շարունակի գործել, բայց փորձագիտական լրջագույն կարողություններ ենք ձգտում ձեւավորել, որ այդ հանձնաժողովը եւս պատասխանատվություն կրի իր տված որոշման համար: Ոչ թե հակասություն լինի «Էրեբունիի» տված բժշկական թո՞ւղթն է արժանահավատ, թե՞ «Արմենիա» բուժկենտրոնի: Այսինքն, մենք, որպես զորակոչ կազմակերպող օղակ, պետք է կարողություն ունենանք օբյեկտիվ ախտորոշում կազմակերպելու եւ կրելու պատասխանատվություն որոշման համար՝ պիտանի՞ էր ծառայության, թե՞ ոչ»:
Սահմանային տարիքի հասած սպայական անձնակազմի զորացրման հարցը լուրջ խնդիր է: Օրենքում գրված է՝ կարող է երկարացվել մինչեւ 5 տարի: Նախարարի խոսքով՝ «Շատ սուբյեկտիվ էր, մեկին կարող էին երկարացնել, մեկին՝ ոչ: Սա արդարության լուրջ խնդիր էր, կոռուպցիոն ռիսկեր էր պարունակում, բարդություն էր ստեղծում սպայական կազմի հետագա աճի համար: Առաջարկում ենք վերացնել երկարացման հնարավորությունը, սահմանային տարիքը մնում է նույնը, նույն կոչման մեջ ծառայության տեւողությունը մնում է նույնը: Բացառություն է ռազմաբժշկություն, ռազմագիտական գործունեություն եւ շարքային կազմի որոշ մասնագիտությունների համար: Օրինակ, եթե կա մասնագիտության պակաս, չի խանգարի, որ հմուտ վարորդը, օրինակ 2-3 տարի ավելի ծառայի: Պետությունը պետք է սահմանի կատեգորիան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ