Սեպտեմբերին կայացած «Միսս Հայաստան» մրցույթի շուրջ շահարկումների առնչությամբ այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանումներ տվեց նաեւ «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի նախագահ, նախկին «Միսս Հայաստան» Գոհար Հարությունյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին կայացած «Միսս Հայաստան» մրցույթի առնչությամբ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» հիմնադրամի ղեկավար Կարեն Արիստակեսյանը օրերս դիմել է դատարան՝ Գոհար Հարությունյանի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու նպատակով: Ըստ Արիստակեսյանի՝ օգտագործվել է իր կազմակերպության անվանումը եւ հեղինակային իրավունքը, իսկ մրցույթն իրավական ուժ չունի:
Գոհար Հարությունյանը փաստեց՝ մրցույթի շուրջ բարձրացված աղմուկը վնասեց իրենց, խանգարեց իրենց գործընկերներին, արտասահմանից մասնակիցներին եւ հովանավորներին. «Կարծում էին, թե մրցույթը չի կայանա: Չնայած խոչընդոտներին, մրցույթը կայացավ: Փորձեցինք անել հնարավորը, որպեսզի մասնակից-աղջիկները պաշտպանված լինեն, եւ ոչ մեկ իրենց չծաղրի»:
Շահարկումների մասին, թե մասնակիցները պլաստիկ վիրահատությամբ աղջիկներ են եղել, Գոհար Հարությունյանն ասաց. «Ունեինք պլաստիկ վիրահատությամբ մեկ մասնակից, որն ի սկզբանե հայտնել էր այդ մասին: Ինչ վերաբերում է Կարեն Արիստակեսյանի՝ մասնակիցների կոշիկների եւ լողազգեստների հետ կապված գնահատականներին, ապա ասեմ, որ մենք ամեն ինչ վերցրել ենք միջազգային մրցույթներից: Չափանիշները փոխվում են, ժամանակն առաջ է շարժվում, դա պետք է հաշվի առնել»:
Գոհար Հարությունյանի համար զարմանալի է Կարեն Արիստակեսյանի վերաբերմունքն այն դեպքում, երբ իրենք պատրաստվում են մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանի միջոցով Հայաստանը ներկայացնել մեկ շաբաթ հետո կայանալիք «Միսս Աշխարհ» միջազգային մրցույթում. «Արդեն նամակներ են գրել, որ մեր կազմակերպությունն իրավական դաշտում չի գործել: Սա ծայրահեղ քայլ է նրա կողմից: Կարեւորն այն է, որ մեր երկիրն առաջին անգամ ներկայացվելու է այդ մրցույթին: Կարեն Արիստակեսյանը չհասավ իր նպատակին, մեր աղջիկը ներկայացնելու է ՀՀ-ն: Մենք անելու ենք ամեն ինչ, որ Հայաստանը մասնակցի նաեւ այլ միջազգային հեղինակավոր մրցույթների»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ