ԱԺ-ում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումներ են կազմակերպվել: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց, թե ինչ են իրենք առաջարկում:
Տարիների ընթացքում պաշտպանության ոլորտում բազմաթիվ օրենսդրական ակտեր են ընդունվել ու նախարարը նկատել է, որ օրենքները երբեմն նաեւ իրար հակասում են եւ կարիք կա ողջ օրենսդրական դաշտն ի մի բերել:
«Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության անցնելու մասին» օրենքներում է նախատեսվում հիմնական փոփոխությունները ներառել: Նախագծերով նախատեսվում է բարձրացնել պահեստազորի արդյունավետությունը, զինծառայողների հասարակական ինտեգրումն ապահովել, փոխարինել տարկետումների զգալի մասը արտոնություններով, ամրապնդել հանրության վստահությունը ԶՈՒ նկատմամբ: Նախարարը վստահ է, որ կբարձրանա մեր բանակի մարտունակությունը:
Նախարարը ներկայացրեց «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը եւ նախագծով առաջարկվող փոփոխությունները:
ՊՆ-ի նախագծով տարկետում պետք է տան նրան, ով կորոշի, որ բակալավրիատն ավարտելուց հետո պատրաստ է 2-ի փոխարեն 3 տարի ծառայել՝ որպես սպա: Ընդ որում, դրա համար նա ստանալու է աշխատավարձ եւ պետությունից լիովին փոխհատուցում թե՛ իր բակալավրիատի ուսուցման, թե՛ հետագայում նաեւ մագիստրատուրայի համար: Նա պարտավորվում է ծրագրից դուրս չմնալու համար ապահովել միջինից ոչ ցածր միավոր ու շաբաթ օրերը նվիրում է ռազմական պատրաստության գործընթացին` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում: Բացառություն է լինելու միջազգային առարկայական օլիմպիադաներում հաղթողների, մրցանակակիրների, բացառիկ գիտելիքներով օժտված տեխնիկական գիտությունների ուղղվածության այն ուսանողների համար, որոնք կցանկանան հնգամյա ծառայության անցնել ռազմարդյունաբերական համալիրում՝ իրենց գիտելիքները ներդնել ռազմական գիտության եւ ռազմական արդյունաբերության զարգացման գործում. «Մենք շատ կարեւորելու ենք, որ բացի ֆիզիկական պատրաստվածությունից, առողջական վիճակից կարեւորվի նաեւ հոգեբանական պատրաստվածությունը՝ հասկանալու համար դիմորդի սոցիալ-հոգեբանական պատկերը: Ծրագրում գտնվելու իրավունքը կարող են կորցնել՝ ցածր միավորներ ունենալու դեպքում եւ զորակոչվել ժամկետային զինծառայության՝ որպես շարքային զինծառայող»:
Նախարարն ասաց, որ «Ես եմ» ծրագրի նպատակներից է սոցիալական վերելակի ստեղծումը, բանակ-հասարակություն կապի ամրապնդումը, ինչը ենթադրում է հետեւյալը. «Այս ծրագրով զինծառայություն անցնող քաղաքացիները յուրաքանչյուր ամիս մեկ շաբաթ անցկացնելու են տանը: Մեկ շաբաթ լինելու են տանը, մեկ շաբաթ՝ զորամասում պատրաստվելու են մարտական հերթապահության եւ երկու շաբաթ մարտական հերթապահություն են իրականացնելու: Զինվորը, իր ընկերների, իր ընտանիքի հետ շփվելով՝ ապահովելու է բանակի մեծ թափանցիկությունը, ստեղծվելու է հնարավորություն մատնանշելու եւ ախտորոշելու խնդիրները հենց ծառայության ընթացքում: Սրանով հնարավորություն են տալիս անցնել պայմանագրային ծառայության եւ ստանալ փոխհատուցում»: Վիգեն Սարգսյանը նշեց, որ այս դեպքում նաեւ պատվովճարներ են նախատեսվում եւ զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում այն շարունակվելու է վճարվել իր ընտանիքին:
Ինչ վերաբերում է տարկետմանը, Վիգեն Սարգսյանն ասաց, որ այն ուսանողները, որոնք հիմա սովորում են ասպիրանտուրայում, մագիստրատուրայում, մինչեւ 2020-ի դեկտեմբերը կարող են պաշտպանել իրենց ատենախոսությունները եւ պաշտպանելու դեպքում ստանալ տարկետում:
Վիգեն Սարգսյանը անդրադարձավ նաեւ մեկ այլ խնդրի. «Գործող օրենսդրությամբ նախատեսված տարածքային սահմանափակումները հանվում են: Հիմա քաղաքացին վիճակահանությամբ չի կարող քաշել որպես ծառայության վայր այնպիսի զորամաս, որը գտնվում է իր բնակության վայրից 150 կմ հեռավորության վրա: Ժամանակին սա 50 կմ էր, հետո դարձվեց 120, 150: Ինքը բացարձակ անիմաստ կարգավորում է, որովհետեւ եթե դա վիճակահանություն է, ապա յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա տեսնելու , թե վիճակահանության արդյունքում որ զորամասն է նախանշվում»:
Բայց սրան զուգահեռ գործելու է արտոնությունների այլ կարգավորում. «Միակ արտոնությունը, որը տալիս ենք այսօր ընտանեկան վիճակից ելնելով՝ կապված է ծառայության վայրի մոտիկության հետ: Օրինակ, Տավուշում արտոնությունից օգտվող քաղաքացին լրիվ օրենքի շրջանակներում կարող է հայտնվել առաջնագծում՝ մարտական հերթապահություն իրականացնելիս, որովհետեւ իր տունը գտնվում է 60 կմ հեռու: Կարծում ենք, դա ձեւական բնույթ է կրում: Փոքր տարածքով հանրապետության պարագայում սա որեւէ խնդիր չի լուծում, ընդամենը ձեւական է, որ մենք արտոնություն ենք տալիս: Հիմա, եթե արտոնությունից օգտվող քաղաքացին ուզում է «Ես եմ» ծրագրով ծառայի, ստանա պատվովճար, կարող է արտոնությունից չօգտվել, ծառայության ընթացքում մեկ արձակուրդի տեղը տրվում է 3 արձակուրդ: Արտոնությունը նրա համար էր, որ ծնողը հեշտ այցելեր զորամաս, իսկ մենք այսպես թույլ ենք տալիս 3 անգամ գնալ տուն՝ 6 ամսում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ