ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հերմինե Նաղդալյանն ասաց, որ Ստելլա Կիրիակիդեսին վաղուց է ճանաչում. «Նա Կիպրոսի պատվիրակության ղեկավարն է, ես բավականին երկար համագործակցել եմ իր հետ, շատ հավասարակշիռ եւ հեղինակավոր պատգամավոր է»։
Նա նշեց, որ կոռուպցիան ԵԽԽՎ-ում շատ դժվար է նահանջում, եւ վերջին մեկ տարում այստեղ տեղի է ունենում, մեր պատվիրակության բնորոշմամբ, առողջացման կամ ինքնամաքրման քաղաքականություն։ Սրա արդյունքն է, որ մեկը մյուսի հետեւից կոռուպցիայի մեջ թաթախված դեմքեր են բացահայտվում, տեղի են ունենում հրաժարականներ, հարուցվում են քրեական գործեր։
«Այսօր հայտարարվեց նաեւ, որ Գերմանիայի եւ մի շարք այլ երկրների պատվիրակներ իրենց կենսագրության, իրենց հայտարարագրերի մեջ ունեն էպիզոդներ՝ մի քանի տասնյակ հազար եվրոներին վերաբերող, որոնց վերաբերյալ հայտարարագիր չեն ներկայացրել։ Ես շատ անուններ չտամ, բայց ռիսկային խումբը բավականին մեծ քանակ ունի, այդ թվում՝ տարբեր խմբերի ղեկավարներ»,- ասաց Նաղդալյանը։
– Փաստորեն, Հայաստանից բացի, եվրոպական երկրներում եւս կոռուպցիայի հանդեպ մեծ հակում ունեն։
– Այսօր պատվիրակներից մեկն իր ելույթում ասաց, որ ինչպիսի կանոններ ուզում է գրես, եթե մարդը հակում ունի խախտում անելու, ինքն անելու է այդ խախտումները։ Բայց, իհարկե, կոռուպցիայի այն մասշտաբները, որ այստեղ գոյացել են վերջին տարիներին, դրանք բավականին տպավորիչ են, եւ ամենակարեւորը, որ նրանք կրիտիկական մասսա ունեին՝ ազդեցություն գործելու քաղաքական որոշումների վրա։ Եվ դրա դեմ պայքարը սկսվեց հենց այն ժամանակ, երբ որ նաեւ մենք տեսանք ու սկսեցինք ուրիշներին էլ դա ցույց տալ եւ բացատրել, որ այս ճանապարհով ազդեցություն են գործում քաղաքական որոշումների կայացման վրա։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում