Ադրբեջանի «սուլթանը» յուրովի է արձագանքել Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը, ըստ որի՝ կողմերը համաձայնել են մինչեւ տարեվերջ նախագահների եւս մեկ հանդիպում՝ գագաթաժողով անցկացնել. հայտարարել է, թե հայկական կողմն ի սկզբանե նախապայմաններ էր դնում՝ խոչընդոտելով բանակցային գործընթացը, բայց հիմա «ստիպված է հրաժարվել» դրանցից։ Սա նշանակո՞ւմ է, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու կողմերի հանձնառությունն այլեւս ուժի մեջ չէ։ Մեր հարցերին պատասխանում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԸ։
-Չեմ կարծում, թե այդ հարցը դուրս է եկել օրակարգից։ Անգամ այն պարագայում, երբ համանախագահներն իրենց հայտարարության մեջ չեն խոսում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու մասին, աշխատանքները դրանց իրականացման ուղղությամբ շարունակվելու են։
Կա հստակ պայմանավորվածություն, որ կողմերը պետք է քայլեր իրականացնեն՝ ուղղված հրադադարի ռեժիմի պահպանման, զինադադարի խախտումների կանխարգելման եւ վերհանման արյունավետության բարձրացմանը։ Ավելին՝ դա վերջին տարիներին ձեռք բերված միակ կոնկրետ պայմանավորվածությունն է, որ պետք է իրականացվի։
Սա նաեւ ցույց է տալիս, որ սպասվում է մեծ եւ քրտնաջան աշխատանքի լայն դաշտ երկարաժամկետ հեռանկարում։ Հաշվի առնելով Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը՝ ագրեսիվ հայտարարությունները եւ գործողությունները, պետք չէ հմուտ քաղաքագետ լինել կամ գիտնական, որպեսզի պարզ լինի, թե ինչպիսի խոչընդոտներ է Բաքուն առաջացնում այդ գործընթացում։ Այնուամենայնիվ, դրան այլընտրանք չկա՝ այդ ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակվի։
Համանախագահների հետ ցանկացած հանդիպման ժամանակ այդ հարցը շոշափվում է, եւ այդ մասին խոսվել է, մասնավորապես, ամերիկացի նորանշանակ համանախագահի Արցախ կատարած այցելության ընթացքում։ Հրադադարի ռեժիմի պահպանման խնդիրը միշտ էլ եղել է օրակարգում՝ նույնիսկ մինչեւ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտարարությունները, քանի որ զինադադարի ռեժիմի խախտումներն ինքնին ծանր հարված են հասցնում բանակցային գործընթացին։
–Դատելով Ալիեւի հայտարարությունից եւ արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո արտահայտած «զգուշավոր լավատեսությունից»՝ Ադրբեջանի նախագահը մազաչափ իսկ պատրաստ չէ նահանջել մի ձեռքով կրակելու, մյուս «ձեռքով»՝ բանակցելու դիրքերից եւ թեկուզ կես քայլ անել միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ։
-Ադրբեջանի քաղաքականությունը չի փոխվել, բայց դա չի նշանակում, թե միջազգային հանրությունը, ի դեմս Մինսկի խմբի համանախագահների, հրաժարվել է իր ամրագրած մոտեցումներից եւ սկզբունքներից։ Բոլորի համար պարզ է՝ ում հետ գործ ունեն. եթե Ադրբեջանը, ինչպես դուք եք ասում, կես քայլ չի կատարում տեխնիկապես բավական հեշտ իրագործելի եւ քաղաքականապես ոչ զգայուն հարցում, ինչպես զինադադարի ռեժիմի խախտումներն արձանագրելը եւ վեր հանելը, ի՞նչ կարելի է սպասել քաղաքական բարդ որոշումների, պայմանավորվածությունների պարագայում, եթե այդպիսիք լինեն։ Բնականաբար ոչ մի լավ բան չի կարելի սպասել։
Հետեւաբար միջազգային հանրությունը պարզապես պետք է շարունակի իր քաղաքականությունը՝ ամեն ինչ անի հրադադարի ռեժիմի պահպանման եւ ամրապնդման ուղղությամբ, անկախ նրանից, թե ինչ է հայտարարում Ադրբեջանի նախագահը։
–Երկու խոսք ամերիկացի նոր համանախագահի մասին. այն, որ Էնդրյու Շեֆերն իր տարածաշրջանային այցը սկսեց հենց Արցախից, համարենք ուղերձ, որով ԱՄՆ–ն արտահայտում է իր դիրքորոշումը (կամ դիրքորոշման փոփոխությունը) հակամարտության կարգավորման հարցում։
-Չէի ասի, թե դա հրապարակային ուղերձ է, բայց որոշակի դրական հատիկ է պարունակում՝ ցույց է տալիս, որ առանց Արցախի հնարավոր չէ կարգավորել Արցախյան հիմնախնդիրը։ Եվ շատ կարեւոր է, որ նման գործելաոճը ավանդական է դառնում համանախագահների համար։
Յուրաքանչյուր նորանշանակ համանախագահ անպայման փորձում է այցելել Արցախ՝ նույնիսկ եթե այդ այցելությունը չի համընկնում եռյակի ամբողջական այցի ժամանակացույցին, անպայման նման այց կազմակերպում են։ Ժամանակին ե՛ւ Բրայզան է այցելել առանց մյուս երկու համանախագահների, ե՛ւ ռուսաստանցի համանախագահը, այսինքն՝ սա արդեն ընդունված պրակտիկա է։
–Փաստորեն ընդունում են, որ հակամարտության բուն սուբյեկտը, ի վերջո, Արցախն է։
-Իհա՛րկե։ Այո, այսօր բանակցային գործընթացը շարունակվում է խեղաթյուրված ձեւաչափով, բայց Արցախը գործընթացի մեջ է, ճիշտ է՝ ոչ լիարժեք ձեւով, եւ մենք մշտապես բարձրաձայնում ենք այդ մասին. պետք է վերականգնել բանակցությունների իրական ձեւաչափը։
Լիլիթ Պողոսյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում