Սերժ Սարգսյանը, որ այսօր մեկնում է Սոչի ԵԱՏՄ ու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը մասնակցելու, նախօրեին բավականին կոշտ հայտարարությամբ է արձագանքել ղարաբաղյան կարգավորման բանակցությունը վերսկսելու մասին Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությանը: Սերժ Սարգսյանն արձագանքել է իհարկե իր խոսնակի միջոցով, բայց դրանից, իհարկե, արձագանքի անմիջական կոշտությունը չի նվազում, և գուցե հակառակը: Իսկ Ալիևը ինչպես հայտնի է՝ ասել էր, որ Հայաստանի նախապայմանները մերժվել են, և բանակցությունները վերսկսվում են առանց դրա: Այլ կերպ ասած, Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը գալիս է բանակցելու Ադրբեջանի թելադրանքով: Եվ ահա Սերժ Սարգսյանը ոչ միայն հայտարարում է, որ Երևանը հետքայլ չի կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգից, այլ Ալիևին ուղղում է խայտառակությամբ բնորոշվող մի շարք արտահայտություններ, որոնք, ըստ էության, հարց են առաջացնում, թե այդքանից հետո ինչպե՞ս և ի՞նչ մթնոլորտում է տեղի ունենալու Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը, որի նախաձեռնությանը հավանություն տալու մասին հայտարարել էին Մինսկի խմբի համանախագահները:
Սարգսյանի կոշտ հայտարարությունը հատկանշական է և՛ Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ նվազագույնը նախնական համաձայնության ֆոնին, և՛ թե Սոչիում այսօր սպասվող երկու գագաթնաժողովների՝ ԱՊՀ ու ԵԱՏՄ, քանի որ ԱՊՀ շրջանակում Սոչիում կլինի նաև Ալիևը: Ի դեպ, այդ տեսանկյունից իհարկե բազմաթիվ հարցադրումներ էին հնչում հնարավոր հանդիպման մասին, սակայն այդպես էլ չի եղել որևէ պաշտոնական տեղեկատվություն, որ դա հնարավոր է: Բայց Սերժ Սարգսյանի արձագանքը ոչ միայն Սոչիում, այլ երևի թե ընդհանրապես կասկածի տակ է դնում Սարգսյան-Ալիև հանդիպման հնարավորությունը: Ըստ այդմ էլ հարց է առաջանում, թե արդյո՞ք դա կարող է բերել որոշակի նոր սրացումների և սադրանքների՝ սահմանին: Համենայնդեպս, դեռևս նախորդ տարի Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո Սարգսյան-Ալիև հետապրիլյան երրորդ հանդիպման կազմակերպումը տապալվելուց հետո իրավիճակը սահմանին սկսեց լարվել պարբերաբար: Այդ լարվածությունը ներկայումս որոշակիորեն նվազել է Սարգսյան-Ալիև հետապրիլյան երրորդ հանդիպման կազմակերպման երկրորդ փորձին զուգահեռ:
ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում