Հոկտեմբերի 10-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնի`Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի հետխաղային մամուլի ասուլիսը։
–Պարոն Ոսկանյան, Հայաստանի հավաքականը բավականին լավ առաջին խաղակես անցկացրեց, իսկ երկրորդը` մղձավանջային։ Ի՞նչ փոխվեց ընդմիջումից հետո։
-Ճիշտն ասած, ինքներդ տեսաք։ Ես անցած անգամ ասել էի և նորից կրկնեմ, որ այսպիսի բարձր արագություններին մենք պատրաստ չենք։ Առաջին խաղակեսում ինչ-որ չափով կարողացանք հաջող գործել պաշտպանությունում, հակագրոհներ ունեցանք ու կարող էինք բացել հաշիվը։ Սակայն դա էլ ինձ չէր գոհացնում, քանի որ չէինք կարող արագ գրոհել և արագ պաշտպանության անցնել։ Երկրորդ խաղակեսում արդեն ֆիզիկապես չէինք հասցնում և մենք էլ չէինք հասցնում հուշել ֆուտբոլիստներին։ Գոլից հետո իրավիճակը միանգամից փոխվեց։ Երկրորդ խաղակեսը շատ վատ անցկացրեցինք և իմ կարծիքով ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակն է միակ պատճառը, քանի որ իրենք պատրաստ չեն այս արագություններին։
–Նախորդ խաղի համեմատ, այս խաղում փոփոխություններ կային մեկնարկային կազմում։ Ինչո՞վ էր դա պայմանավորված։
-Բիչախչյանին և Հայկ Գալստյանին պահել էինք երկրորդ խաղակեսի համար, քանի որ գիտեինք, որ Ավստրիան հոկտեմբերի 6-ին անցկացրել էր ծանր հանդիպում Ռուսաստանի հետ և մտադիր էինք երկրորդ խաղակեսում երկու թարմ ֆուտբոլիստներ հանել խաղադաշտ, որոնք նաև հարձակողական ոճի ֆուտբոլիստներ են և կարող են խաղի ընթացքը փոխել։ Բայց, ցավոք, դա էլ չստացվեց։
–Սխալվել եք արդյո՞ք մեկնարկային կազմի ընտրության հարցում
-Չեմ կարծում, որ սխալվել եմ, որովհետև շաբաթվա ընթացքում անցկացված մարզումների արդյունքում, դա ընտրված օպտիմալ կազմն էր։ Միայն Հայկ Սարգսյանի փոխարեն, որը որակազրկված էր, խաղում էր Ռուբեն Փիլումյանը։ Եթե կազմը սխալ լիներ, ապա արդեն առաջին խաղակեսում դա երևալու էր։
–Չե՞ք կարծում, որ Բիչախչյանին և Գալստյանին կարելի էր ավելի շուտ խաղացնել։
-Կարծում եմ` ոչ, որովհետև Հայկի և Վահանի դիրքերում խաղում էին Պետրոս Ավետիսյանը և Էմիլ Եղիազարյանը, որոնք հարձակման գծում առաջին խաղակեսում լավ գործեցին։
–Ակնհայտ երևում էր, որ ֆուտբոլիստներն անընդհատ հետ փոխանցումներ էին կատարում դարպասապահին։ Արդյո՞ք դա տակտիկական քայլ էր, թե ուղղակի այդպես էր ստացվում։
-Ոչ, մենք կարճ փոխանցումներով պետք է խաղայինք, քանի որ լավ գիտեինք, որ Ավստրիայի հավաքականի կազմում բարձրահասակ ֆուտբոլիստներ են և դժվար է լինելու այլ կերպ խաղալ։ Եթե ֆուտբոլիստը չի կարողանում արագ կողմնորոշվել և առաջ փոխանցել, ապա ստիպված է հետ փոխանցել դարպասապահին։ Եթե ուշադիր էիք, ողջ խաղի ընթացքում ես հորդորում էի արագ ընդունել գնդակը և փոխանցել այն առաջ, իսկ մենք դանդաղ արագություններից հետո, հենց հակառակորդը դիմում է պրեսինգի, չենք կարողանում առաջ գնալ և ստիպված փոխանցում ենք կատարում դարպասապահին։
–Մինչև մյուս խաղը դեռ ահագին ժամանակ կա։ Ի՞նչ փոփոխություններ են սպասվում այս ընթացքում։
-Ամենավատն այն է, որ ես չեմ կարող ոչինչ փոխել։ Սա այն ֆուտբոլիստներն են, որոնք կան։ Չկան այլ ֆուտբոլիստներ, որոնք կարող են գալ և ինչ-որ կերպ օգնել։ Իրենք պետք է ակումբներում խաղան։ Այսօր մեծամասնությունը «Փյունիկից» են, որն առաջնությունում այդքան էլ հաջող չի խաղում, մնացածը խաղում են «Բանանց-2»-ում, խաղում են Գերմանիայի ցածր դիվիզիոններում։ Եթե այլ ֆուտբոլիստներ լինեն սիրով կհրավիրենք։ Կարևոր է, որ իրենց թիմերում խաղան և բարձր մակարդակի ակումբներում խաղան։
–Կցանկանայի խոսեք մարտավարության մասին, հատկապես պաշտպանության վերաբերյալ։
-Այսօր խաղում էինք երեք կենտրոնական պաշտպանով, քանի որ, ուսումնասիրելով Ավստրիայի խաղերը, տեսանք, որ իրենք գրոհում և գոլեր են խփում հարձակվելով կենտրոնով։ Չորս կիսապաշտպանով էին խաղում, երկուսը` եզրերում, իսկ Պետրոսը և Էմիլն ավելի առաջ քաշված, իրենց հետ նաև Աղեկյան Գրիգորը։ Ինչ-որ չափով առաջին խաղակեսում խաղը ստացվեց, բայց պրեսինգից հետո գնդակ կորցնելով, մենք պետք է արագ պրեսինգի դիմեին, բայց չէինք հասցնում։ Պաշտպանվելուց հետո գնդակը խլում էինք, բայց արագ հարձակումը ոչ միշտ էր ստացվում։ Եղավ մի քանի պահ, որ մենք կարող էին գոլ խփել, բայց այդպես պետք է խաղալ միշտ, մանավանդ որ Ավստրիան մեծ ուժերով գրոհում էր և մենք պետք է օգտվեինք այդ պահերից։
ՀՖՖ