Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախկին դասախոսի՝ երգչուհի Լիա Սարգսյանի անունը վերջերս հնչեց հայաստանյան մամուլում. նա հանդես եկավ Երեւանի երաժշտական կամերային թատրոնում Սոֆա Ազնավուրյանի «Հույս» մոնոօպերայի ներկայացմամբ: Սակայն ճանաչված տիկինն այսօր Հայաստանում է մեկ այլ խնդրով:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննիչ Դ. Բաբինյանը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Լիա Սարգսյանը հաղորդում էր ներկայացրել Ռուզաննա Ղազարյանի եւ Դավիթ Պետրոսյանի կողմից խաբեությամբ իր եւ եղբորը պատկանող բնակարանը հափշտակելու մասին:
Նախապատրաստվել էին նյութեր: Ոստիկանության հետաքննիչը «պարզել» էր, որ խարդախության հանցակազմը բացակայում է, իսկ նշյալ անձանց միջեւ վեճն էլ կրում է «քաղաքացիաիրավական բնույթ»:
Բողոքաբերը հայտնել էր, որ Երեւանի Թումանյան փողոցում գտնվող բնակարանի սեփականատեր են հանդիսացել հանգուցյալ մայրը, հոգեկան խնդիրներ ունեցող եղբայրը եւ ինքը: Եվ եղբոր հիվանդության սրացման հետ կապված՝ ընտանիքի բոլոր անդամները փորձել են կատարել եղբոր ցանկությունները՝ ավելորդ լարվածությունները կանխելու նպատակով: Հինգ տարի առաջ եղբայրը մորն ու քրոջը հայտնել է, թե մտադրվել է բնակարանը մեկ տարի ժամկետով գրավ դնել իր ծանոթներին: Վերջիններս խոստացել են մեկ տարի հետո վերադարձնել բնակարանը:
«Լսելով եղբորս, անմիջապես հասկացա, որ այդ ծանոթներն օգտագործում են եղբորս խոցելի վիճակը, փորձեցի խոսել եղբորս հետ, սակայն նա մեղադրեց ավելորդ կասկածամտության համար: Նա անգամ սպառնաց ամուսնալուծվել, կնոջ հետ նույնպես լարվել էին հարաբերությունները: Ես համաձայնեցի, որպես նրա կողմից լիազորված անձ, մասնակցել մեր ընտանիքին պարտադրված գործարքին: Բնակարանը 78, 3 քմ ընդհանուր մակերեսով է, իսկ գրավն էլ իրականացվել է «Ռայվ ինտրեթրեյդ» ընկերության վարկի համար»,-հայտնել էր Լ.Սարգսյանը:
Գործարքը կնքելու ժամանակ է Լ.Սարգսյանը ծանոթանում նշյալ անձանց հետ, իսկ հետագայում հասկանում է, որ նրանք օգտվել են անբուժելի հիվանդությամբ տառապող, այն է՝ անմեղսունակ մարդու վիճակից: Ի դեպ, քննիչն իր որոշման մեջ չի նշել Ռ. Սարգսյանի հիվանդությամ մասին, երբ քույրը բազմաթիվ բժշկական տեղեկանքներ, փաստաթղթեր է ներկայացրել հետաքննիչին:
Բանկը, ըստ բողոքաբերի, վարկ է տրամադրել Ռ. Ղազարյանին եւ Դ. Պետրոսյանին, որոնք այդ վարկը օգտագործել են սեփական կարիքների համար, հափշտակել են ըստ էության մեկ միլիոն դոլարի վարկային միջոցները:
Հետաքննիչի մոտ հաղորդում կար Դ. Պետրոսյանի վերաբերյալ, սակայն նա չի կանչվել եւ բացատրություն չի տվել. «Հետաքննիչը, որպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով լիազորված պաշտոնատար անձ, պարտավոր էր ստուգել խարդախության, վարկը վատնելու, հետագայում կանխամտածված սնանկության հանցակազմի տարրերը, արդյունքում՝ քրեական գործ հարուցելու կամ չհարուցելու հիմնավոր հետեւության հանգելու համար»: Քննիչը իր որոշման պատճառաբանական մասում արձանագրել էր. «Պետք է փաստել, որ ինչպես Ռ. Ղազարյանի, այնպես էլ Դ. Պետրոսյանի կողմից խարդախության հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողություններ կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, այլ ընդհակառակը, գործով ձեռք բերված տվյալները վկայում են այն մասին, որ բնակարանի սեփականատերերն իրենց սեփական կամքով եւ ռիսկով են պայմանագիր կնքել, ըստ որի՝ գրավ են դրել իրենց բնակարանը»:
Լ. Սարգսյանը խնդրում է պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր իրավունքների խախտումը եւ դիմել է նաեւ դատարան՝ քրեական գործ հարուցելու համար:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
10.10.2017