Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ համար կա նկարչություն ու վերջ»

Հոկտեմբեր 11,2017 13:30

«Հայ Արտ» մշակութային կենտրոնում հոկտեմբերի 4-ից բացվել է ամերիկաբնակ գեղանկարիչ Հենրիկ Վարդենիկցու նկարների անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվել են գրեթե քառասուն՝ տարբեր տարիների աշխատանքներ: Հեղինակի խոսքով, երբ նկարիչը դրսում է, նրա ներկայությունը իր նկարներով ավելի կարեւոր է դառնում՝ մոտիկները, արվեստասերները վերհիշում են:

Նկարները չեն միավորվում մեկ ընդհանուր թեմայով: «Թեմաներ գոյություն չունեն ինձ համար, կա նկարչություն ու վերջ, ես միշտ ազատ եմ զգացել այդ առումով»,- նշում է Հենրիկ Վարդենիկցին:

«Հայ Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը խոսելով նկարչի մասին՝ ընդգծեց. «Շատ ուրախ եմ, որ այսօր մեր ցուցասրահը զարդարում է Հենրիկ Վարդենիկցու նկարչությունը, աշխարհը, փիլիսոփայությունը, շնորհավորում եմ իրեն եւ ավելի շատ մեր հանդիսատեսին, որովհետեւ նկարչի շնորհիվ նկարչությունը դարձել է փնտրված եւ այս նկարիչը շատ ասելիք ունի հայ արվեստասերին: Ցանկացած նկարի առջեւ չեմ կարողանում թռուցիկ, հպանցիկ կանգ առնել ու անցնել, դա նշանակում է, որ նկարների մեջ այնքան միտք կա, որ չեմ հասցնում հետս տանեմ, բայց ամեն մեկից մի պատառիկ կվերցնեմ»:

Գրող, հրապարակախոս Արեւշատ Ավագյանը նշեզ, որ երկար տարիներ հետեւել է նկարչի ստեղծագործական կյանքին եւ այսօր տոնական օր է իր արվեստասեր ընկերների համար. «Հերթական ուրախությունն է պարգեւել մեզ, որովհետեւ իր էությամբ, մտածողությամբ շատ հետաքրքիր անձնավորություն է: Բոլոր բարդույթներից ազատ ստեղծագործող է, որը սիրում է նկարել, որը նկարի մեջ դնում է զգացմունք, հուզմունք, եւ դա շատ մարդկային է, շատ գեղանկարչական է»:

Հենրիկ Վարդենիկցին ծնվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում, այժմ ապրում է Լոս Անջելեսում, որտեղ հիմնել է «Վարդենիկցի» արվեստի ակադեմիան: Հեղինակի աշխատանքներն անհատական եւ խմբակային ցուցահանդեսներով ցուցադրվել են աշխարհի մի շարք երկրներում:

 

ՆԱՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Առավոտ»

10.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031