Այս օրերին Հայաստանում է Ֆրանսիայում հայազգի պատգամավոր Դանիել Կազարյանը: Նա Հայաստան էր եկել մասնավոր այցով՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, բայց արդեն հասցրել է հանդիպել ԱԺ նախագահի հետ: Նա այսօր «Արմենպրես» ակումբում ասաց, որ ԱԺ նախագահի հետ հանդիպման ժամանակ զրուցել են ՀՀ-Ֆրանսիա կապերի ամրապնդման հարցերի շուրջ:
«Հայ-ֆրանսիական մշակութային կապերը միշտ շատ ուժեղ են եղել, ուրախ եմ, որ 2018-ին այստեղ կայանալու է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը…արդեն մեր նախորդ նախագահի՝ Օլանդի, օրոք գոյություն ուներ բարեկամական խումբ, որը բավականին ակտիվ էր խորհրդարանում, այդ խմբում վաթսուն խորհրդարանականներ կային տարբեր կուսակցություններ ներկայացնող: Քանի որ ընտրություններից հետո քաղաքական կարգը ձեւափոխվեց, հիմա շատ խորհրդարանականներ այլեւս խորհրդարանում իրենց տեղը չեն զբաղեցնում, հիմա մենք աշխատում ենք վերականգնել, ձեւավորել այդ բարեկամական խումբը խորհրդարանականների միջեւ, որը կընդգրկի ավելի շատ ներկայացուցիչներ: Մի քանի շաբաթ առաջ են գրանցումները սկսել»,- ասաց պատգամավորը:
Հայկական համայնքը, ըստ բանախոսի, ուժեղ կառուցվածք ունի, հայկական դպրոց ու եկեղեցիներ ունեն, իսկ 2013-ին էլ բացվել է հայկական հիշողության կենտրոն. «Հայ հիշողության կենտրոնը մանավանդ նոր սերունդների համար շատ կարեւոր է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ