Հաջորդ տարվա բյուջեի նախագծով կառավարությունը նախատեսում է պետական կառավարման համակարգում օգտագործվող ծառայողական մեքենաները կրճատել 41¬ով։ Ըստ այդմ, 63 պետական մարմինների տարբեր պաշտոնյաներին եւ աշխատակազմերին կսպասարկի 874 տրանսպորտային միջոց։
Շա՞տ է սա, թե՞ քիչ, այլ հարց է։ Մի բան անկասկած է, որ ծառայողական մեքենաների խնդիրը Հայաստանում ցավոտ թեմա է։
Հաշվի առնելով հասարակության բացասական վերաբերմունքը՝ նախորդ տարի կառավարությունը որոշակի քայլեր իրականացրեց պետական կառավարման համակարգում հաշվառված տրանսպորտային միջոցների կրճատման ուղղությամբ։ Դուրս գրվեց ավելի քան 1000 միավոր ավտոմեքենա։
Դրանք հիմնականում հնամաշ, տեխնիկապես անսարք, շատ հաճախ չշահագործվող տրանսպորտային միջոցներ էին, որոնք տարիներ շարունակ գտնվում էին պետական կառավարման մարմինների եւ դրանց ենթակա ընկերությունների հաշվեկշիռներում։ Պատահական չէ, որ դուրս գրելուց հետո դրանց զգալի մասը գնորդ չի գտնում։
Այդ տրանսպորտային միջոցները հիմնականում կապ չունեին պետական պաշտոնյաներին սպասարկող ծառայողական մեքենաների հետ, չնայած վերջին շրջանում դրանց թիվը եւս կրճատվել է։ Նախորդ երկու տարվա ընթացքում պետական բյուջեի հաշվին սնվող ծառայողական մեքենաները պակասել են 197¬ով, մեծ մասը՝ 2017թ։ Թեեւ տրանսպորտային միջոցների օպտիմալացման նախաձեռնությամբ կառավարությունը հանդես է եկել նաեւ հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծով, այնուհանդերձ այդ առումով նախատեսվում է իրականացնել շատ ավելի պասիվ քաղաքականություն։
Հիմնական կրճատումը կլինի նախագահի աշխատակազմում։ 67 տրանսպորտային միջոցներից կմնա 25¬ը։ Այլ կերպ ասած, կպակասի 42 միավորով։
Այս կտրուկ նվազեցումը պայմանավորված կլինի 2018թ. ապրիլից նոր սահմանադրության լիարժեք գործողության մեջ մտնելու հանգամանքով, ինչը ենթադրում է նախագահական ինստիտուտի լիազորությունների վերանայում։ Նոր սահմանադրության պայմաններում նախագահական ապարատին սպասարկող տրանսպորտային միջոցների պարկը գրեթե եռակի փոքր կլինի։
Պետական կառավարման մյուս մարմինների ավտոպարկերում տրանսպորտային միջոցների թվաքանակի սպասվող փոփոխությունները կապված կլինեն հիմնականում կառուցվածքային վերանայումների հետ։ Մասնավորապես նախատեսվում է 19¬ով կրճատել բնապահպանության նախարարության ծառայողական մեքենաների քանակը։ 40¬ի փոխարեն հաջորդ տարվա բյուջեի նախագծով պլանավորված է ունենալ 21 տրանսպորտային միջոց։ Դրա փոխարեն նախարարության կառուցվածքում ստեղծված նոր մարմնի՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչության աշխատակազմի պետական ծառայողներին կսպասարկի 24 ավտոմեքենա։
Նման կառուցվածքային փոփոխության հետեւանքով 13¬ով կրճատվել է առողջապահության նախարարության ավտոպարկը։ Թեեւ նախարարության կազմում ստեղծվել է առողջապահական տեսչական մարմին, որը կունենա 8 ծառայողական մեքենա։ Այսինքն՝ նախարարության աշխատակազմում հաշվառված տրանսպորտային միջոցների մի մասը պարզապես տեղափոխվել է ենթակա կազմակերպության բյուջե։ Նախարարության բուն աշխատակազմին կսպասարկի 8 ավտոմեքենա։
Ս. Բեգլարյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում