Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագիծը նպաստում է Հայաստանում բռնության կանխարգելմանը. հայտարարություն

Հոկտեմբեր 10,2017 12:34

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ

«Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի լրամշակումն ու շրջանառության մեջ դնելը պետության կողմից կարևոր քայլ է ՀՀ-ում ընտանեկան բռնության խնդիրը կարևորելու և վերջինիս դեմ արդյունավետ պայքար մղելու հաստատակամություն արտահայտելու առումով։

Բռնության որևէ ձևի կիրառումը, իսկ երեխայի հանդեպ բռնությունն առավել ևս, համընդհանուր կարևորության խնդիր է: Միջազգային նորմերով այն գնահատվում է երեխաների հիմնական իրավունքների և ազատությունների խախտում։ Մասնավորապես՝ «Երեխաների իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 19-րդ հոդվածն ուղղակիորեն երաշխավորում է երեխաների պաշտպանությունը բռնություններից ու չարաշահումներից, իսկ երեխայի պաշտպանության ապահովումը պետության հիմնական պարտականություններից մեկն է:

Որպես երեխայի պաշտպանության ոլորտում բազմաթիվ տարիների փորձառություն ունեցող միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև հարգելով նախագծի վերաբերյալ քաղաքացիական որոշ խմբերի ու անհատների բարձրաձայնած կարծիքներն ու արտահայտած անհանգստությունները՝ հայտարարում ենք, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագիծը նպաստում է Հայաստանում բռնության կանխարգելմանը և ընտանիքի ինստիտուտի ամրապնդմանը։ Օրինագիծը կանոնակարգում է ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության իրավական երաշխիքներն ու ձևերը: Այս օրենքի նախագիծը չի նախատեսում երեխաներին անհիմն կամ անօրինական ճանապարհով ընտանիքից առանձնացնում։ Ստորև ներկայացնում ենք այն հիմնական փաստարկները, որոնք ցույց են տալիս, որ օրինագծի դրույթները որևէ աղերս չունեն երեխաներին նպատակադրված կերպով ընտանիքից առանձնացնելու պնդումների հետ։

-Ինչպես բխում է օրենքի նախագծի վերնագրից և բովանդակությունից, այն միտված է կանխարգելել ընտանեկան բռնությունը, և «աջակցել ընտանիքին՝ որպես հասարակության բնական և հիմնական բջիջի»։
-Ծնողական իրավունքներից զրկելը և/կամ դրանք սահմանափակելը, մեր երկրում կատարվել և կատարվում է բացառապես դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
-Այսօր պետությունն իրականացնում է լայնածավալ բարեփոխում՝ առաջնորդվելով «Երեխան պետք է ապրի ընտանիքում» կարգախոսով, փորձելով վերամիավորել մանկատներում և շուրջօրյա խնամքի այլ հաստատություններում գտնվող երեխաներին իրենց կենսաբանական ընտանիքների հետ:
-Ընդդիմախոսներն, ովքեր սույն օրենքի նախագծի դեմ հակաքարոզչություն են իրականացնում, հիմնվում են բացառապես հուզական հայտարարությունների վրա՝ այդպիսով փորձելով ազդել հասարակության որոշ շերտերի ընկալումների վրա:

Հաշվի առնելով վերոգրյալը, կոչ ենք անում հանրությանը՝ չտրվել անհիմն ապատեղեկատվությանը՝ ուղղված այս նախաձեռնության կարևորության արժեզրկմանը։

«Վե՛րջ երեխաների հանդեպ բռնությանը» հնգամյա հանրային արշավ է, որի նպատակն է նվազեցնել Հայաստանում երեխաների հանդեպ կիրառվող ֆիզիկական և հոգեբանական բռնությունը: Արշավը միտված է նպաստել երեխայի զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը ընտանիքում և սոցիալական միջավայրում՝ հանուն երեխայի բարեկեցության:

 

Կազմակերպությունների անուններ`

Վորլդ Վիժն Հայաստան

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչություն

ՍՕՍ մանկական գյուղեր-Հայաստան

Հայաստանի մանուկներ հիմնադրամ

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

Երեխաների պաշտպանության ցանց

«Ընտանիք և համայնք» ՀԿ

Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031