«Քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում սպանությունների 17%-ը: 2015-ի առաջին կիսամյակում անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցվել է մի քանի տասնյակ քրեական գործ: Ամենամտահոգիչ հանգամանքն այն է, որ գործերի զգալի հատվածը վերաբերել է ընտանիքի անդամի կողմից անչափահասի նկատմամբ ոտնձգությանը»,-այսօր այսպիսի ցուցանիշներ ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության» մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Մանրամասները՝ տեսանյութում
Պարոն Հարությունյանն ասաց, որ ընտանեկան բռնության համատեքստում հանցագործությունների պաշտոնական թվերը իրականությունը չեն արտացոլում, քանի որ այս տեսակի բռնությունը բարձր լատենտայնություն ունի, բայց անգամ այս թվերը մտահոգիչ են: Նախարարը վստահեցրեց՝ այս օրենքը ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք է: Ըստ նախարարի, յուրաքանչյուր սպանության կամ առողջությանը ծանր վնաս հասցրած գործը քննելիս, այն դեպքերը, որոնք ընտանիքում են եղել, բացահայտվում է այդ ծանր հանցագործություններին նախորդած ընտանեկան տեւական բռնության պատմություն եւ հաճախ սպանությունն արդեն կուլմինացիան է:
Նախարարն ասաց, որ շուտով այդ նախագիծը կներկայացնեն կառավարություն, որի հաստատումից հետո էլ այն պետք է Ազգային ժողովում քննարկվի:
Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Թումասյանն էլ ներկայացրեց կոմիտեի տվյալները, նշելով, որ 2016-ից ներդրվել է ընտանեկան բռնությունների վիճակագրության վարում: Ըստ այդ ցուցանիշների եւ քննված քրեական գործերի, 2016-ին եղել է 359 քրեական գործ. Խոսքը ընտանեկան բռնությունների համատեքստում տեղի ունեցած հանցագործությունների մասին է: Իսկ 2017 թվականի 1-ին կիսամյակում, ըստ Թումասյանի, եղել է 215 քրեական գործ. « 2015-ին մեծամասամբ ունեցել ենք ծեծ, բայց դա չի նշանակում, որ ծանր հանցագործություններ չկան: 10 քրեական գործ հարուցվել է սպանության հոդվածով: Ունեցել ենք սեքսուալ բնույթի հանցագործություններ, ունեցել ենք 16 տարին չլրացած երեխայի հետ սեռական հարաբերության դեպքեր»:
Մանրամասները՝ տեսանյութում
Թումասյանի ներկայացմամբ՝ 2017 թվականի հանցագործությունների դինամիկան ուսումնասիրելիս, պարզել են, որ եղել են դեպքեր ինքնասպանության հասցնելու դեպքեր, որոնք ընտանիքի անդամների կողմից է եղել»:
Թումասյանի ներկայացմամբ՝ կան դեպքեր, որ հանցագործությունը ոչ միայն ամուսնու նկատմամբ, այլեւ ընտանիքում երեխաների նկատմամբ, երեխաների կողմից ծնողների նկատմամբ: Ըստ Թումասյանի, լինում են դեպքեր, երբ կնոջ կողմից բռնություն է կիրառվում ամուսնու նկատմամբ, բայց սա ընտանիքում տեղի ունեցած բռնությունների 1% է՝ 2016 թվականին, մեծ մասը ամուսնու կողմից կնոջ նկատմամբ բռնության դեպքերն են: Իսկ 2017-ի առաջին կիսամյակում դեպքերն ավելացել են կնոջ կողմից ամուսնու նկատմամբ բռնության դեպքերը, ընդհանուր նման դեպքերի 4.3% է:
Մանրամասները՝ տեսանյութում
Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Գոհար Հակոբյանն էլ ներկայացրեց օրենքի դրույթները, թե դրանք ինչ հարաբերություններ են կարգավորում եւ ինչ դեպքեր են կանխարգելում, կամ որ դեպքերն են համարվում ընտանեկան բռնություն:
Ըստ նախագծի ընտանեկան բռնության բնորոշումը հետեւյալն է. «Ընտանեկան բռնությունը ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքների կիրառումն է ընտանիքի անդամների կամ նախկինում ընտանիքի անդամներ հանդիսացած անձանց միջեւ՝ անկախ նրանից բռնություն գործածած կամ բռնության ենթարկված անձինք բնակվում են համատեղ, թե ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Արդյոք այս օրենքը նախատեսում է երեխաներին ծնողներից վերցնել, ինչպես պնդում են նախագծի ընդդիմադիրները, մեկնաբանում է Գոհար Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Բանախոսներն ասացին, որ օրենքը նախատեսում է նաեւ հաշտեցման մեխանիզմ:
Պաշտոնատար անձանց ելույթներից հետո օրենքի ընդդիմադիրները ելույթի իրավունք խնդրեցին քննարկման կազմակերպիչներից, սակայն մերժում ստացան, որից հետո նրանք փորձեցին բոյկոտել քննարկումը:
«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը իր համախոհներին կոչ էր անում լքել դահլիճը, եւ մի ստվար զանգված աղմկելով լքեցին դահլիճը:
Հայկ Նահապետյանն ու Խաչիկ Ստամբոլցյանը մոտեցան նախարար Հարությունյանին եւ ասացին, որ կազմակերպիչները խախտում են իրենց խոսքի ազատության իրավունքը:
Մանրամասները՝ տեսանյութում
Որոշ ժամանակ անց Հայկ Նահապետյանը եւս ելույթ ունեցավ. Վերջինիս ելույթից հետո օրենքի մեկ այլ ընդդիմադիր փորձեց ելույթ ունենալ, եւ այս ընթացքում նախարար Դավիթ Հարությունյանը լքեց դահլիճը:
«Այն ընտանիքներում, որտեղ բռնությունների թիվն աճում է, այդ ընտանիքներում սոցիալական վիճակն ինչպիսի՞ն է»,-իր ելույթում հարց ուղղեց Հայկ Նահապետյանը: Ըստ նրա, օրենքի ընդունման հասարակական պահանջը Հայաստանում չի առաջացել. «Հայաստանի կառավարությանը դասեր էին տալիս, դա ԵՄ դեսպան պարոն Սվիտալսկին է»:
Ապա` նաև ելույթ ունեցավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, որն ասաց, որ եկեղեցին դեմ չէ օրենքի ընդունմանը, բայց իրենք դիտողություններ են ներկայացրել, որպեսզի դրանք ներառվեն նախագծում: Սրբազանն ասաց, որ օրենքին ընդհանրապես դեմ լինելը ճիշտ չէ, ինչին դեմ են, պետք է առաջարկեն փոխել:
«Ոմանց համար ընտանիքը պարզապես իրավական հասկացողություն է, տղամարդ եւ կին միացան փոխադարձ համաձայնությամբ, ո՛չ , ասում է եկեղեցին: Տղամարդ եւ կինը միանում են սիրով, եթե սերը չկա, չկա ընտանիք: Եթե պարզապես սեռական «պարտնյոր» է, այդտեղ չկա ընտանիք, եթե զուտ իրավաբանական հասկացողությամբ ասում են ՝ սա իմն է, սա՝ քոնն է, եւ այստեղ վտանգներն են այս օրենքից բխող հետեւանքների: Բայց ցանկացած օրենք ունի իր վտանգը: Այն ընտանիքը, որը իրավաբանական հարաբերությունների վրա է հիմնված, եւ առաջին օրը կինն ասում է՝ ես այս, այս-այս իրավունքներն ունեմ, ամուսինն էլ դնում է իրավունքները, այս ընտանիքը գուցե շատերի համար ընտանիք է, բայց քրիստոնեական հասկացողությամբ ընտանիք չէ, որովհետեւ չկա սեր»,-ասաց սրբազանը: Նրա խոսքերով՝ երեխային մանկապարտեզից պետք է սովորեցնել, որ ընտանիքը սիրով պետք է ստեղծի, ոչ թե սեռական ցանկությամբ: Սրբազանը նաեւ վստահեցրեց, եկեղեցին բազմաթիվ ընտանեկան բռնություններ է կանխարգելել, եւ այս առումով նա նաեւ հայտարարեց, որ նման գործառույթ կարող է նաեւ եկեղեցին իրականացնել, իր խոսքերով ասած՝ բուժել այդ ընտանիքներին:
Հայկ Նահապետյանի եւ Սրբազանի ելույթներն այս՝ հղումով:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ