Այսօր «Հոդված 3» ակումբում կայացած «Կուսակցականացված դպրոցներ, սերունդներ կրթող, թե՞ կուսակցություններին ծառայող կրթօջախներ» թեմայով հանրային քննարկման ժամանակ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն ասաց. «2007թ. խորհրդարանական ընտրությունների նախօրեին որոշեցինք 20 քաղաքային համայնքների բոլոր դպրոցների տնօրեններից տեղեկանալ իրենց կուսակցական պատկանելիության մասին: Պարզվեց, որ մոտ 70 տոկոսը հանրապետական կուսակցության անդամ է, որոնցից կեսը կուսակցության անդամ է դարձել այդ ժամանակ վերջին վեց ամսում:
Այսինքն, մենք նկատեցինք ուժերի ինտենսիվ մոբիլիզացիա: Նախորդ ընտրական օրենսգիրքը մշակելիս իշխանությունը մեզնից առաջարկություններ ուզեց: Գրեցինք, տարանք: Փաթեթում շատ կոշտ բաներ էինք առաջարկել՝ դպրոցները կուսակցականազերծել, դպրոցներն ընտրությունների հետ չկապել ոչ շենքային իմաստով, ոչ հանձնաժողովի անդամության: Արձագանքեցին, թե դա մարդու իրավունք է, ինչպես կարելի է այդպես: Բացատրեցինք, որ մեր երկրի մարտահրավերը պահանջում է այդ մասով սահմանափակումներ կիրառել: Մերժվեց, այն ժամանակվա կրթության նախարար Արմեն Աշոտյանը հրապարակավ քննադատեց մեր դիրքորոշումը, թե ինչպես կարելի է տնօրեններին զրկել կուսակցական լինելու հնարավորությունից»:
Բանախոսն անդրադարձավ նաեւ հանրակրթական դպրոցներում պատերին փակցված նախագահի նկարների թեմային. «Երեւի ութ տարի կլինի, որ բոլոր զրույցների ժամանակ տնօրեններին հարցնում ենք, թե այդ մարդու նկարն ինչո՞ւ են պատերին ճպպացրել, որքան են վճարել այդ նկարների համար, ինչ հաճախականությամբ են փոխում: Պատասխանները տարբեր են եղել, բացի ճիշտ պատասխանից՝ նախարարի հրաման կա, նախարարության, կառավարության որոշում կա, որոշել ենք, որ դա ազգային խորհրդանիշ է, նվեր ենք ստացել եւ այլն: Ասում ենք այդ թուղթը գտեք ցույց տվեք: Չեն գտնում: Ճարահատյալ անցած ամռանը դիմեցինք նախարար Մկրտչյանին, թե կա՞ որեւէ իրավական ակտ այս երկրում, որը սահմանում է մարդկանց նկարները դպրոցներում կպցնել պատերին կամ արգելում է:
Տեղակալ Մանուկ Մկրտչյանը երկու տողանոց նամակ ուղարկեց, թե չկա: Այդ օրերին զրույցներում, բանավեճերում ասել եմ՝ հնարավոր չէ՞ պատերն ավելի արդյունավետ օգտագործել՝ կախել բազմապատկման աղյուսակ, այբուբեն, մի տասը լեզվով ամենաշատ կիրառվող 300 բառեր ու բառակապակցություններ: Իմ կարծիքով դպրոցների քաղաքականացումն ակնհայտ է՝ բռնատիրության, ամբողջատիրության հասնող: Ոչ ոք դեռ չի չափել պրոպագանդայի ազդեցությունը երեխայի, թեկուզ ծնողի վրա: 12 տարի մտնում են դպրոց՝ միակ ճիշտն է, պահածոյի գործարանը բացում է միակ ճիշտը… Այս ամենը վերացնելու համար քաղաքական կամք է պետք: Իշխանությունը զավթածները կուզենա՞ն նման բան անել: Խիստ կասկածում եմ»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ամեն օր եթե նորմալ մարդը սերժիկի նկարը տեսնի, ինքն էլ կփչանա