Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ավարտվեց ԵԽԽՎ նախագահի ընտրության երկրորդ փուլը: Ինչպես արդեն հայտնել ենք, առաջադրվել է երկու թեկնածություն` Ստելլա Կիրիակիդես (Կիպրոս, ԵԺԿ) և Էմանուելիս Զինգերիս (Լիտվա, ԵԺԿ):
ԵԽԽՎ նախագահ ընտրելու համար անհրաժեշտ է ձայների մեծամասնություն, այսինքն` 152 կողմ: Սակայն առաջին փուլից հետո ձայները բաշխվեցին հետևյալ կերպ` Ստելլա Կիրիակիդես` 126, Էմանուելիս Զինգերիս` 84: Ուստի անցկացվեց քվեարկության երկրորդ փուլ: Երկրորդ փուլի արդյունքներն ամփոփվեցին քիչ առաջ. Ստելլա Կիրիակիդես` 121, Էմանուելիս Զինգերիս` 69: Ուստի առաջացավ երրորդ փուլի անհրաժեշտություն:
ԵԽԽՎ նիստը նախագահող ամենատարեց փոխնախագահ Ռոջեր Գեյլը հայտարարեց, որ վեհաժողովի նախագահի ընտրության երրորդ փուլը կանցկացվի վաղվա լիագումար նիստի առաջին կեսին, այսինքն` Երևանի ժամանակով 12.00-ից սկսած: Իսկ արդյունքները հայտնի կդառնան Երևանի ժամանակով 17.30-ին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ