Անցած ամիս նախագահ Թրամփն ազդարարեց, որ դադարեցնում է այսպես կոչված DACA ծրագիրը, որով հարյուր հազարավոր ներգաղթյալներ, ովքեր անօրինական կերպով Միացյալ Նահանգներ են տեղափոխվել մանուկ տարիքում, ստացել են աշխատանքի ու կացության իրավունք նախագահ Օբամայի օրոք:
Նախագահի նախաձեռնությունը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու վերաբերյալ վերջինիս նախընտրական արշավի կարևոր կետերից էր: Նա այն կրկին առաջ է քաշել այն բանից հետո, երբ տապալվել են նրա բանակցությունները DACA ծրագրի վերաբերյալ Կոնգրեսի դեմոկրատ քաղաքական փոքրամասնության հետ:
«Մենք այժմ աշխատում ենք սահմանների վերահսկողության և DACA ծրագրի շուրջ: Մարդիկ ցանկանում են տեսնել փոփոխություններ: 800 հազար մարդ անօրինական տեղափոխվել է մեր երկիր: Դա նրանց մեղքը չէր, ուստի մենք այժմ ծրագիր ենք մշակում ու կտեսնենք, թե այն ինչպես է աշխատելու»,- հայտարարել է նախագահ Թրամփը:
Թրամփի ներգաղթի մասին ծրագիրը նաև նախատեսում է սահմանափակել կացության իրավունքի կամ գրին քարտի տրամադրումը միայն ամուսինների ու երեխաների համար՝ փոխարենը ստեղծելով միավորների նոր համակարգ:
Դեմոկրատները ընդդիմանում են այս պահանջներից շատերին:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում: