Ավան եւ Նոր-Նորքի դատարանում դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ այսօր կայացավ Հովհաննես Ղազարյանի դատական նիստը: Վերջինին մեղադրանք է առաջադրվել 2017 թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում նույն ընտրական տեղամասում երկրորդ անգամ քվեարկելու փորձ կատարելու համար:
Ամբաստանյալը նախորդ դատական նիստում արագացված դատաքննության կարգ կիրառելու առաջարկություն էր ներկայացրել, սակայն պաշտպան չունենալու պատճառով դատական նիստը հետաձգվել էր: Քանի որ արագացված դատաքննության կարգ կիրառելու համար դատապաշտպանի ներկայությունը պարտադիր է, դատարանը դիմել էր Հանրային պաշտպանի գրասենյակ՝ ամբաստանյալին պաշտպանով ապահովելու համար:
Այսօր միջնորդությունը քննարկվեց եւ դատարանը այն բավարարեց եւ դատավարությունն ընթացավ արագացված դատավարության կարգով, որի պարագայում գործով առկա ապացույցները չեն հետազոտվում, վկաները չեն հարցաքննվում, քանի որ ամբաստանյալն ընդունել է իր մեղավորությունը: Ուսումնասիրվում են միայն ամբաստանյալի անձը բնութագրող փաստաթղթերը, մեղմացնող եւ ծանրացնող հանգամանքները:
Այդ ամենն ուսումնասիրելուց հետո դատարանը եզրակացրեց, որ քրեական գործում ծանրացուցիչ հանգամանքներ առկա չեն, որ ամբաստանյալը դեռ նախաքննությունից իր մեղքն ընդունել էր, զղջացել, տվել խոստովանական ցուցմունքներ՝ այդպես ամեն կերպ աջակցելով նախաքննական մարմնին: Մեղմացուցիչ հանգամանքներ էին, որ նա ունի մեկ տարեկան անչափահաս երեխա, նրա խնամքի ներքո է գտնվում վատառողջ տատիկը, որն առաջին կարգի հաշմանդամ է, նախկինում չի դատվել, որ ծառայել է բանակում, որտեղից հրամանատարությունը նրա ծնողներին շնորհակալագրեր, որ հարեւաններն ու աշխատավայրում նույնպես դրական բնութագրականներ կան:
Դատավոր Արմեն Վարդապետյանը նիստն ավարտեց: Հովհաննես Ղազարյանի դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 10-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ