Հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է Արթուր Խաչատրյանի դատավարությունը: Նա անշարժ գույքի կադաստրի Իջեւանի տարածքային եւ Տավուշի մարզային ստորաբաժանումների նախկին պետ Կոլյա Խաչատրյանի որդին է:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ա. Խաչատրյանը 2013թ ապրիլի 28-ին, ժամը 03:00-ի սահմաններում գտնվելով Կիսիլյովսկ քաղաքի Ստուդենչեսկայա 10ա հասցեում տեղակայված «Միրաժ» սրճարանի տիրոջ աշխատասենյակում՝ զինված է եղել որսորդական ողորկափող հրազենով: Մաքսիմ Դովիդկովը փորձել է զինաթափել Արթուր Խաչատրյանին՝ վերցնելով զենքը: Ա. Խաչատրյանը դիտավորյալ սպանության նպատակով, այն է՝ Մաքսիմ Դովիդկովին մահ պատճառելու դիտավորությամբ, հանկարծակի առաջացած անձնական անբարյացակամ վերաբերմունքի հողի վրա այն պատճառով, որ Մ. Դովիդկովը փորձել է վերցնել նրանից զենքը, գիտակցելով իր գործողությունների հասարակական վտանգավորությունը եւ կանխատեսելով մահվան ձեւով ծանր հետեւանքներ առաջանալու հնարավորությունը, քանի որ տնօրենի աշխատասենյակում Մաքսիմ Դովիդկովի հետ գտնվել են Վիտալի Կորնեւը եւ Դարյա Դովիդկովան, որսորդական հրացանից կրակոց է արձակել իր առջև կանգնած Մ. Դովիդկովի վրա: Սակայն Մ. Դովիդկովը կրակոցի պահին կռացել է, եւ փամփուշտի մեջ լիցքավորված մանրագնդակը Արթուր Խաչատրյանի կողմից արձակված կրակոցի արդյունքում դիպչել է Վիտալի Կորնեւին, որը մահացել է :
Արթուր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով («Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը» ) եւ 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով(«Երկու կամ ավելի անձանց սպանության փորձը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով»):
Ըստ «Դատալեքս» դատական համակարգի` նա կալանավորված է , գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:
Մեր տեղեկություններով՝ Ա. Խաչատրյանի դատը կայանում է ՀՀ-ում, որովհետեւ նա ձերբակալվել է ՀՀ-ում, գործում է ԱՊՀ երկրների փոխադարձ իրավական աջակցության մասին Մինսկի կոնվենցիա, որի համաձայն `եթե քաղաքացին կալանավորվել է իր երկրում, այլ երկրում նրա կատարած հանցագործության համար դատավարությունը կարող է ընթանալ իր երկրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ