Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառուկյանը դիմել է Արծվիկ Մինասյանին` սիրողական որսի համար նախատեսված տեղամասերը վերածել բնության հատուկ պահպանվող տարածքների, որտեղ կարգելվի որսը

Հոկտեմբեր 09,2017 17:14

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և գերատեսչության պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Ջրվեժ» անտառպարկում ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել բնապահպանական թեմաներ լուսաբանող «Էկոմեդիա ցանցի» լրագրողների հետ: Բնապահպանության նախարարը ներկայացրել է ոլորտի խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները, բարեփոխումների ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Արծվիկ Մինասյանը նշել է, որ շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության մշակման և իրականացման գործընթացի հիմքում պետք է դրվի սահմանադրական նորմը` սերունդների առաջ պատասխանատու լինելու սկզբունքը, ինչը հնարավորություն կտա բնական ռեսուրսներն այնպես բաշխել, որ դրանցից հնարավորություն ունենան օգտվել բոլոր սերունդները: Ըստ նախարարի, պետք է հրաժարվել բնական ռեսուրսների այնպիսի օգտագործումից, ինչը կխոչընդոտի շրջակա միջավայրի վերականգնումը և բնական ընթացքով վերափոխումը:

Նախարար Արծվիկ Մինասյանը, պատասխանելով տեսչական նոր մարմնի ձևավորման անհրաժեշտության վերաբերյալ հարցին, շեշտել է, որ ոլորտում իրականացվող քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է ունենալ լավ կառավարում և կատարյալ վերահսկողություն: Այդ նպատակով բնապահպանության նախարարությունը շահագրգռված է նպաստելու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուժեղացմանը: Ուժեղ, անկախ, կատարյալ տեսչական համակարգը կօգնի գերատեսչություններին կատարելագործել և ուժեղացնել քաղաքականության մշակումը և իրականացումը: Այդ նպատակով գերատեսչությունը նաև հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ`որոնցով կփոխվի տեսչական մարմնի աշխատակիցների կարգավիճակը, ինչի արդյունքում տեսուչները վերահսկողություն իրականացնելիս աշխատաժամանակի սահմանափակում չեն ունենա:

Լրագրողների խնդրանքով Արծվիկ Մինասյանը ներկայացրել է «Շրջակա միջավայրի պահպանություն` պարտքի դիմաց» ծրագրի հիմնական սկզբունքները: Նախարարը տեղեկացրել է, որ ծրագրով մինչև 2050 թվականը նախատեսվում է մի քանի երկրներին/ ԱՄՆ, Ճապոնիա, ԳԴՀ, ՌԴ, Ֆրանսիա / Հայաստանի ունեցած պարտքի փոխարեն հանրապետությունում իրականացնել շրջակա միջավայրի բարելավման ծրագրեր և ներկայացրել է ոլորտները, որտեղ նախատեսվում է իրականացնել ծրագիրը: Ընտրված են այն ոլորտները, որոնք գտնվում են այդ երկրների հետաքրքրությունների շրջանակում: Բնապահպանության նախարարն այդ ծրագիրը համարել է աննախադեպ այն առումով, որ նման ծրագրեր սովորաբար իրականացվել են այն երկրներում, որտեղ արդեն առկա է եղել արտաքին պարտքի վերադարձման խնդիր, իսկ Հայաստանը այդ խնդիրը չունի և հաջողության դեպքում այն օրինակելի կլինի այլ երկրների համար:

Հայաստանում որսի իրականացումը կանոնակարգելու խնդիրների քննարկման ժամանակ Արծվիկ Մինասյանը լրագրողներին ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացվող քայլերի մասին: Նախարարը նաև հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նախաձեռնություն է հանդես բերել և անձամբ դիմել է իրեն` սիրողական որսի համար նախատեսված «Սաֆարի ինտերնեյշնլ» ընկերության տիրապետման տակ գտնվող տեղամասերը վերածել բնության հատուկ պահպանվող տարածքների, որտեղ կարգելվի որսը: Բնապահպանության նախարարը կարևորել է, որ մասնավոր կապիտալը ներգրավվում է բնապահպանական խնդիրների լուծման գործում, ինչը հասարակության մոտ բնապահպանական մշակույթի արմատավորման օրինակ է:

Հանդիպմանը միացել է նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը:

Լրագրողները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել վերջինիս և գերատեսչության ստորաբաժանումների ղեկավարներին և ստացել սպառիչ պատասխաններ:

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031