Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու ծննդատանը եռյակ-աղջիկներ են ծնվել․ ծնողներն անակնկալի էին եկել (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 09,2017 16:55

Քիչ առաջ Գյումրու ծննդատանը լույս աշխարհ են եկել եռյակ աղջիկներ։ Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գյումրու ծննդատան տնօրեն Վարդան Սարգսյանը, 15 տարի է՝ իրենց մոտ եռյակներ չէին ծնվել։ Տնօրենի ասելով, եռյակների ծնվելուց վայրկյաններ անց ծննդատան երեք ծնարաններում միաժամանակ 4 տղաներ են լույս աշխարհ եկել։ Իհարկե, նրանք զույգեր չեն, ծնվել են 4 տարբեր ընտանիքներում։

Ծննդատուն այցելելու ժամանակ ականատես եղանք մի քեֆ-ուրախության, նորածինների հարազատները ծննդատան բակում մեքենաների վրա սեղան էին գցել, տորթեր պատվիրել, բարձր երաժշտության տակ պարում էին, կենացներ խմում, մեքենաներից մեկի վրա էլ մի մեծ արջուկ-խաղալիք էին դրել (տես լուսանկարում)։

Ծննդատան տնօրենն ու մարզի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ֆելիքս Գրիգորյանը մեր զրույցում ասաց, որ եռյակների մոր հղիությունն արհեստական չի եղել։ «Եռյակները ծնվել են կեսարյան հատումով, բայց հղիությունը բնական ճանապարհով է, արհեստական բեղմնավորում չէ։ Բնական, բնության տված եռյակ է։ Վերջին տարիներին շատ են զույգեր, եռյակներ ունենում, բայց դա ոչ թե բնությունն է արել, այլ արհեստական միջամտությունն է բնության գործերին», -ասացին մեր զրուցակիցները։

Նեոնատոլոգ Ռոզա Ասլանյանն էլ տեղեկացրեց, որ աղջիկներից առաջինը ծնվել է 1 կիլոգրամ 600 գրամ, երկրորդը՝ 1 կիլոգրամ, 700 գրամ, երրորդը՝ 1 կիլոգրամ, 500 գրամ քաշով։ Առաջինը համեմատաբար մյուսներից ավելի ծանր է եղել։

Եռյակների մայրը՝ Ամասիայի բնակչուհի 26-ամյա Սաթենիկը, որը երկրորդ անգամ է ծննդաբերում, առաջնեկը տղա է՝ 5 տարեկան, ասաց, որ եռյակների ծնունդն անակնկալ է եղել։ «Մեկ շաբաթ առաջ իմացա, որ երկվորյակ եմ ունենալու, բայց սեռը մինչև վերջ չգիտեի։ Իրոք անակնկալ էր, որ երկուսի փոխարեն երեքն ունեցա, եռյակ աղջիկների մայր դարձա։ Բազմազավակ մայր դարձա, մայր դառնալն ինքնին երջանկություն է, տվյալ դեպքում եռակի երջանկություն է»,- ասաց Սաթենիկ Սիմոնյանը։

Փոքրիկների տատիկն էլ՝ տիկին Անահիտն ասաց, որ բարձր լեռնային Ամասիայում ապրելը դժվար է, աշխատանք չկա, ձմեռը շատ երկար է, փոքրիկների հայրը մշտական աշխատանք չունի, տարբեր գործեր է անում ու ցածր աշխատավարձով։ Աղջիկների համար անուններ դեռ չեն որոշել, սակայն տիկին Անահիտն ասաց, որ հայկական անուններ են դնելու։

«Իմ անունը Անահիտ է, դժվար վատ անուն ընտրեմ փոքրիկներին, հարսիս անունն էլ Սաթենիկ է, մեր անունները հայկական անուններ են՝ էպոսի հերոսուհի, գեղեցկության աստվածուհի։ Թոռներս էլ հայկական անուններ կունենան, նախապես չգիտեինք սեռերը, որ անուններ որոշեինք»,- ասաց տիկին Անահիտը՝ հարսի ու թոռների համար Աստծուց առողջություն խնդրելով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031