Այսօր Հայաստանում Արգենտինայի Դեսպանության մշակութային կենտրոնում տեղի
ունեցավ մամլո ասուլիս` հոկտեմբերի 9-ից 14-ը Երևանում կազմակերպվող «Արգենտինական տանգոյի շաբաթվա» միջոցառումների վերաբերյալ:
«Արգենտինական տանգոյի շաբաթն» առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում և նվիրված է Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին:
Ասուլիսի ընթացքում Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան խոսեց երկու երկրների միջև բազմամյա բարեկամության մասին, ինչպես նաև անդրադարձավ երկկողմանի երկարատև և կայուն դիվանագիտական հարաբերություններին:
Դեսպանը մասնավորապես նշեց. «Մեր երկու երկրների միջև ստեղծված վաղեմի բարեկամական հարաբերությունները զարգանում են քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում: Մենք աշխատում ենք տարբեր ուղղություններով և այս 25 տարվա ընթացքում հասել ենք կայուն համագործակցության և շոշափելի արդյունքների»:
Շնորհակալություն հայտնելով հյուրերին` Դեսպանը հրավիրեց բոլորին միասին
վայելելու արգենտինական տանգոն ողջ շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ «Արգենտինական տանգոյի շաբաթը» մեկնարկում է հոկտեմբերի 9-ին և տևելու է մինչև հոկտեմբերի 14-ը:
Շաբաթվա ընթացքում կարող եք մասնակցել հետևյալ միջոցառումներին`
Հոկտեմբերի 9-ին, 10-ին եւ 11-ին, ժամը 19:00-ին, ՀԲԸՄ (Հայկական բարեգործական ընդհանուր միություն) երևանյան մասնաճյուղում տեղի կունենա «Արգենտինական տանգո. երաժշտություն և ոգի» խորագրով ֆիլմերի ցուցադրություն, որը ներառում է «Վերջին ծափողջյուն», «Վերջին բանդոնեոնահարը» և «Զգալով Պիացցոլային» վավերագրական ֆիլմերը: Ցուցադրությունների մուտքն ազատ է:
Հոկտեմբերի 12-ին` հինգշաբթի, Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա արգենտինացի բանդոնեոնահար Պաբլո Մաինետտիի համերգը, որին կմասնակցեն նաև արգենտինացի պարողներ Խորխե Մենդոսան եւ Սեսիլիա Մասսեն:
Իսկ շաբաթվա վերջում արգենտինական տանգոյի սիրահարներին սպասվում է մեծ անակնկալ. հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Պողոտայում տեղի կունենա տանգոյի բացօթյա համերգ, որը կներառի տանգոյի շոու` բանդոնեոնի ուղեկցությամբ, և վարպետության դաս բոլոր ցանկացողների համար:
Մամուլի հաղորդագրություն