Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Եթե ՀՀԿ-ի իշխանության օրոք կուսակցություն ընդունվածների թիվը հաշվենք, ուրեմն Հայաստանի բնակչության թիվն անսահմանափակ է»

Հոկտեմբեր 09,2017 16:08

Այսօր «Հոդված 3» ակումբում կայացած «Կուսակցականացված դպրոցներ, սերունդներ կրթող, թե՞ կուսակցություններին ծառայող կրթօջախներ» հանրային քննարկման առիթ դարձել էր մամուլում հրապարակված Մեղրիի խոշորացված համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցում ուսուցիչներին կուսակցական տոմսեր բաժանելու մասին հրապարակումը եւ դրանից առաջ դպրոցներում տնօրենների եւ ուսուցիչների քաղաքականացվածության աստիճանի շուրջ արված հետազոտությունները եւ փաստերի հրապարակումը, որոնք ցույց են տալիս, որ կրթական համակարգը փաստացի անշեղորեն ընթանում է դեպի համատարած կուսակցականացում: Մինչդեռ, ամիսներ առաջ ԿԳ նախարարը հանդես եկավ շրջաբերականով, որը վերաբերում է հանրակրթական դպրոցներում քարոզչության իսպառ բացառմանը:

Թե ինչու չի ստացվում այս հարցը լուծել, դպրոցների կուսակցականացումը շարունակվում է եւ ինչպես կարելի է խնդրին լուծում տալ, ակումբում իրենց գնահատականները տվեցին ու լուծումների իրենց տարբերակներն արտահայտեցին ՀԱԿ կուսակցության քարտուղար Արամ Մանուկյանը, Հանրային քաղաքականության ինստիտուտի տնօրեն, կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Արեւիկ Անափիոսյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը եւ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Քննարկմանը հրավիրված էր նաեւ ԿԳՆ ներկայացուցիչ, որն ինչ-ինչ պատճառներով ներկա չէր:

Արամ Մանուկյանը, որը կանգնած է եղել պետության կայացման ակունքներում, հիշեց, որ ինքը երկու տարի փոխնախարար է աշխատել եւ այն ժամանակ համակարգում 35 հազար աշխատող կար: Այն ժամանակ ոչ մի մարդ չի հեռացվել եւ ոչ մի մարդ կուսակցության անդամ չի դարձել, որովհետեւ երբեք թվի վրա չեն աշխատել, այդպիսի խնդիր չի դրվել: ՀՀՇ- ի ամենաակտիվ տարում անդամությունը եղել է յոթ հազար:

«2008-ի մարտին ես հանրահավաքների ժամանակ Հանրապետական կուսակցության հազարավոր կուսակցության տոմսեր էի հավաքում, մարդիկ կիլոգրամներով էին բերում, նվիրում: Սրանց մտածողությունն այնքան սահմանափակ է, որ մտածում են ինչքան շատ մարդ ստիպված կուսակցության մեջ լինի, իրենք ավելի ուժեղ են: Ես մարդիկ գիտեմ, այդ թվում նաեւ ուսուցիչներ, որոնք երեք անգամ ընդունվել են Հանրապետական կուսակցության շարքերը: Իրենք որքան ժամանակ, որ իշխանության են, եթե հաշվենք՝ քանի մարդ են ընդունել իրենց կուսակցության շարքերը, Հայաստանի բնակչության թիվն անսահման է: Ես խորհրդարանում թիվ եմ հրապարակել. 1400 դպրոցից 1100-ից ավելիի տնօրենները Հանրապետական կուսակցության անդամ են: Սա միակուսակցականություն է, նեոբոլշեւիզմ: Մի հետաքրքիր ուսումնասիրություն էլ կա՝ բոլոր բուհերի քաղաքական ղեկավարները հանրապետական են՝ ՀՀ նախագահը, նախագահի աշխատակազմի ղեկավարը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը եւ այսպես շարունակ: Այստեղ անձերը չեն կարեւորը, այլ աթոռը՝ եթե անձը փոխվի, այդ աթոռը միեւնույն է, իրենցն է: Սա ամբողջատիրական համակարգ է, որտեղ քաղաքական ճնշումները նշանակումների համար են եւ գործունեության եւ ազատման եւ առաջխաղացման: Այսինքն` կուսակցականացված համակարգը հարյուր տոկոսով գրավել է կրթական համակարգը…», – ասաց Արամ Մանուկյանը:

Արարատ Միրզոյանը նշեց, որ մինչ այս պահը իրենց հանձնաժողովում այս խնդիրը չի քննարկվել, որովհետեւ հանձնաժողովում քննարկվում են շրջանառության մեջ դրված կոնկրետ օրենքի նախագծերը: «Խնդիրն ավելի խորքային է: Պատճառներն ակնհայտ են: Մասնավորապես, հանրակրթությունը հսկայական վարչական ռեսուրս է, հիմնականում երեխաների ծնողներին հասնելու ճանապարհ, որտեղ ուսուցիչները եւ տնօրենները լծակ են նրանց քվեն ստանալու համար: Այս առումով ես համաձայն չեմ, որ զուտ թիվը հանրապետականի համար առաջնային է: Նրանց նպատակը որոշակի պարտավորություններ փոխանցելն է մարդկանց, նրանց միջոցով ամեն ընտրական փուլից առաջ գործածել մեխանիզմները եւ անհրաժեշտ ձայները ստանալ: Սրա դեմ պայքարել հնարավոր է միայն հասարակության մասնակցությամբ: Որովհետեւ, այն ինչ տեղի է ունենում, երկկողմանի պայմանավորվածությամբ գործարք է: Տնօրենը կամ ուսուցիչը կարող է ծնողին խնդրել, առաջարկել կամ պահանջել, անգամ երեխային ցածր գնահատական նշանակելու սպառնալիքով, ձայնը տալ իր ուզած ուժին: Բայց ծնողը կարող է նաեւ իր ձայնը չտալ: Այնպես որ, սա իմ, քո եւ քաղաքական մեկ ուժի լուծելիքը չի՝ այստեղ հասարակության դերակատարությունն է մեծ: Ինչ վերաբերում է ԿԳ նախարարի շրջաբերականին, երկու բացատրություն կարող է լինել. Հնարավոր է դաշնակցական նախարարի հանձնարարականը հանրապետական տնօրենները սաբոտաժի են ենթարկում, երկրորդ տարբերակը՝ այդ շրջաբերականը ուղղակի իմիտացիա է, ինչպես արվում է շատ դեպքերում՝ հակակոռուպցիոն մարմինների նման», – ասաց Արարատ Միրզոյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031