Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հովհաննիսյան. «1988-ից մեզ շրջափակող իրավիճակը միշտ բխել է մեր շահերից»

Հոկտեմբեր 09,2017 15:55

Հայաստանի եւ Թուրքիայի ներկայիս հարաբերությունները բնութագրելով`արեւելագետ, Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանը կենցաղային օրինակի է հղում կատարում`մի մարդու հետ, որին այդքան էլ չեք սիրում, բան եք պայմանավորվում, չի արվում եւ այդ չսիրելը սահուն փոխվում է ատելության: «Քեզ վստահել չի կարելի»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսում ասաց Դավիթ Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, վաղը լրանում է հայ-թուրքական արձանագրությունների տասը տարին: Տասը տարի անց, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արձանագրությունների վավերացման համար վերջնաժամկետ տվեց Թուրքիային: Վերջերս ՄԱԿ-ում նա հայտարարեց. «Մենք 2018-ի գարունն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»:

Դավիթ Հովհաննիսյանն ի սկզբանե դեմ էր այդ արձանագրություններին: Ըստ նրա, երկու պետությունների միջեւ կա դիվանագիտական հարաբերություններ ձեւավորելու վաղուց ընդունված ձեւ եւ դա լրիվ բավարար է, որը երկու պետություններին հնարավորություն է տալիս հաստատելու, որ ճանաչում են միմյանց սահմանները, իրար նկատմամբ տարածքային պահանջներ չունեն եւ իրենց վրա պարտավորություն են վերցնում`ճանաչել ինքնիշխանությունը եւ չմիջամտել միմյանց ներքին գործերին: Ցեղասպանության խնդիրը կամ այլ խնդիրներ խոչընդոտ դարձնել երկու երկրների հարաբերությունների համար, միտում է: Միտումը, այս դեպքում, ըստ բանախոսի, Թուրքիայի կողմից է, որքան էլ հայկական կողմը դիվանագիտական սխալներ է թույլ տվել:

Նա չի կարծում, որ այս արձանագրությունների տապալման գործում Ադրբեջանի գործոնը կար. «Շատ լավ հաշվարկված գործընթաց էր: Եվ այս քաղաքականությունն անցկացնելով Թուրքիան շատ բան շահեց: Այս վիճակը հերթական անգամ թույլ է տալիս հայ-թուրքական հարաբերությունները դարձնել թուրք-ամերիկյան, թուրք- եվրոպական եւ այլն: Թուրքիան ԱՄՆ-ի նկատմամբ իր քաղաքականությունը դրսեւորեց, քանի որ սա ԱՄՆ-ի կողմից սկսված գործընթաց էր եւ այդ արձանագրությունները շատ թանկ գնով վաճառվեցին Ադրբեջանին»:

Բանախոսի կարծիքով, մեր վերլուծաբանները պարտավոր էին տարբեր սցենարներ դիտարկել եւ համապատասխան վարքագծեր մշակել: Ելնելով միջազգային կենտրոնների միջեւ բալանսը պահելու նպատակից`նա կարծում է, որ ՀՀ ղեկավարությունը ճիշտ վարվեց:

Դավիթ Հովհաննիսյանը հիշեց Հայաստանի անկախացումից ի վեր հայ-թուրքական հաշտեցման առումով ծավալված գործընթացները դեռ 1999 թվականից, դրանց կասեցումը`քաղաքական կամքի բացակայության պատճառով: Ըստ թուրքական մամուլի արտահոսքերի, երկու կողմերն էլ մեղք ունեին:

Խոսեց հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի դերից, որն այն ժամանակ սվիններով ընկալվեց մեզանում, անգամ դավաճաններ որակվեցին դրա անդամներ`Դավիթ Հովհաննիսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Անդրանիկ Միհրանյանը եւ Վան Գրիգորյանը: Հանձնաժողովի գործունեության արդյունքում Դավիթ Հովհաննիսյանը եկել է հետեւյալ համոզման. «Աշխարհագրական առումով շատ կարեւոր դիրք ենք զբաղեցնում. սա պետք է կարողանանք ճիշտ օգտագործել»:

Աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների ֆոնին էլ Դավիթ Հարությունյանը նկատում է`այսօր տարածքային ամբողջականության սկզբունքն ավելի մեծ հարցականի տակ է դրվում, քան սառը պատերազմի ավարտից հետո: Հիմա այլ իրավիճակ է, որը ցույց է տալիս, որ ինքնորոշման իրավունքը առաջիկա շրջանի համար «ռեալ-պոլիտիկի» դաշտում դառնա առաջնային: Օրինակ, անկախ Քուրդիստանի հանրաքվեի արդյունքների նկատմամբ միջազգային վերաբերմունքից, նա կարծում է, որ նախ հանրաքվեի անցկացումը հիմա, բնավ էլ պատահական չէր, քանի որ նավթային եւ այլ շահեր կան, Քուրդիստանի ղեկավարներն էլ անխելք մարդիկ չեն եւ այդ գործընթացը ինչ-որ շտկումներով, ուղղումներով շարունակվելու է: Իսկ այդ հանրաքվեի նկատմամբ Թուրքիայի նախագահի «հիստերիկ» վիճակն ինքը սխալ է համարում: Կարծում է, որ Թուրքիայի համար նույնիսկ շահեկան իրավիճակ կլինի, եթե հարցին այլ կերպ եւ լուրջ մոտենան:

Ինչ վերաբերում է Հայաստանի շահին, բանախոսը կարծում է. «1988-ից մեզ շրջափակող իրավիճակը միշտ բխել է մեր շահերից»:

Ըստ Դավիթ Հովհաննիսյանի, հայ-թուրքական հարաբերությունները ներկայումս կարգավորվելու մի տարբերակ ունեն` եթե Թուրքիան ցանկանա կարգավորելի իր հարաբերությունները «մեծերից» մեկի հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031