Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ և քննարկել երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները: Այս մասին ասվում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում:
«Չեմ ցանկանում որևէ մեկի առաջ արդարանալ՝ ինչ է բնույթ է կրում մեր համագործակցությունը: Մի բան եմ ուզում ասել՝ որ մեր հարաբերությունները որևէ ձևով չեն խախտում ոչ մի միջազգային պայմանագիր, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մի բանաձև: Մենք ինքնիշխան անկախ պետություն ենք և իրավունք ունենք սահմանել համագործակցության այն ուղղությունները, որոնք համապատասխանում են ժամանակի ոգուն, մեր պետությունների պահանջներին»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուսի նախագահը նաև խոսել է Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերությունների մասին՝ նշելով, որ մեծ հարգանքով է վերաբերվում ադրբեջանցիներին:
«Ես շատ լավ եմ հիշում, որ ծանր պահերին ձեր նախագահը միշտ թիկունք է կանգնել Բելառուս պետությանը,- ասել է Լուկաշենկոն:- Մենք դա շատ լավ ենք հիշում և պատրաստ ենք Ադրբեջանի համար անել ամեն բան, ինչ կարող ենք, որպեսզի ձեր ժողովուրդն ապրի անվտանգ, պետությունը զարգանա… Եվ բնականաբար, որպեսզի Ադրբեջանն իրեն զգա այնպես, ինչպես մենք՝ հանգիստ, հուսալի, պետք է ամրապնդել պաշտպանությունը: Ոչ մի նոր բան: Ուստի մենք ձեզ հետ աշխատում ենք այդ ուղղությամբ և կշարունակենք աշխատանքները»:
Լուկաշենկոն նաև նշել է, որ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի նախագահի հետ՝ հույս հայտնելով, որ առաջիկայում իրենք կհանդիպեն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ