Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջոն Մալկովիչը` հայաստանյան համերգի մասին. «Փորձել ենք ամուսնացնել տեքստն ու երաժշտությունը» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2017 15:24

Հոկտեմբերի 11-ին Հոլիվուդի լեգենդ, պրոդյուսեր, դերասան, ռեժիսոր եւ սցենարիստ Ջոն Մալկովիչի մասնակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանական միջազգային 5-րդ փառատոնը: Այս առիթով հոկտեմբերի 9-ին «Գրանդ հոթել Երևանում» կայացավ Ջոն Մալկովիչի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ասուլիսը:

Սերգեյ Սմբատյանը հայտնեց, որ Ջոն Մալկովիչը հանդես կգա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ եւ կներկայացնի հատված` Էռնեստո Սաբատոյի «Հերոսների եւ գերեզմանների մասին» նովելից («Պատում կույրերի մասին» գլուխը)` Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ: Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահար Անաստասիա Տերենկովան: Համերգի յուրօրինակ ձեւաչափը միաձուլում է երաժշտությունը, գրականությունը, ասմունքն ու Մալկովիչի կատարողական վարպետությունը:

Ջոն Մալկովիչը նշեց, որ վերջերս նույն ծրագրով շրջագայել են Արգենտինայում, Եվրոպայում, այդ թվում` մի քանի օր առաջ Զագրեբում են եղել:

«Հիանալի ապրումներ ունեմ, մեծ սիրով եմ հանդես գալու: Երաժշտությունը համամարդկային ուժ է ամփոփում իր մեջ, հատկապես կենդանի կատարմամբ դասական երաժշտությունը»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է համատեղ համերգ-ներկայացմանը, Մալկովիչի ձեւակերպմամբ, իմաստն այնպիսին է, ինչպիսին դու ես ընկալում. «Այս գործի մեջ փորձել ենք ամուսնացնել տեքստն ու երաժշտությունը…Իմիջիայլոց, այս երաժշտությունը պարունակում է նաեւ պարանոյայի որոշ տարրեր»:

Հոլիվուդյան լեգենդի սիրելի կոմպոզիտորներն են Մոցարտը եւ Շուբերտը, սիրելի գրողը` Ֆոլքները: «Երբ որեւէ երաժշտական գործ եմ լսում, պիտի բազմաթիվ անգամներ լսեմ, որպեսզի կարողանամ այդ գործին համակցել տվյալ տեքստը: Տեքստը չի կարող մրցել երաժշտության հետ, դրա համար պետք է սահի երաժշտության կողքին: Տեքստը երաժշտությանը զուգակցելը բարդ գործ է: Խառը գործեր կատարելիս` երբեմն երաժշտության սիրահարներն ասում են` այս մարդիկ տեսնես ինչո՞ւ են խոսում, իսկ թատրոնի սիրահարները զարմանում են, թե մյուսներն ինչո՞ւ են երգում»

Սերգեյ Սմբատյանը Խաչատրյանական փառատոնը համարում է կայացած, քանի որ նման հեղինակության մասնակցությամբ է մեկնարկը տրվում: Դիրիժորը կարծում է, որ համերգից հետո պարզ կլինի, թե ուրիշ ինչ նախագծերում կհամագործակցեն:

Մալկովիչը նշեց, որ Հայաստան գալու որոշումը այս տարվա գարնանն է կայացրել: Հայաստանի մասին առանձնապես տեղեկացված չէ, հատուկ պատմական գրքեր չի կարդացել, լսել է այն երաժշտությունն, ինչ ուղարկել է Սերգեյ Սմբատյանը:

Հայոց ցեղասպանության մասին էլ հարց հնչեց: «Ի՞նչ կարող եմ ասել ցեղասպանության մասին… Ցավոք, այդպիսի ահավոր բաներ էլ կարող են գործել մարդիկ…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031