Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հուսեյն Դիաբն անդրադարձավ Հալեպի վերականգնման մի շարք նախագծերի իրականացմանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին

Հոկտեմբեր 09,2017 15:11

Հոկտեմբերի 4-ից 7-ը Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանն այցելեց Հալեպ, որի շրջանակներում ծանոթացավ շուրջ քառամյա պաշարումից հետո ազատագրված Հալեպի կրած վնասներին և քաղաքի վերականգնմանն ուղղված ջանքերին, տեղում հանգամանալից ուսումնասիրեց հալեպահայության արդի խնդիրները, համայնքային իշխանությունների հետ քննարկեց այդ խնդիրների լուծման հնարավորությունները, ինչպես նաև հանդիպումներ ունեցավ Հալեպի նահանգային իշխանությունների հետ:

Հոկտեմբերի 4-ին Արշակ Փոլադյանն այցելեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ նորանշանակ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը դեսպանին ներկայացրեց հյուպատոսության գործունեության հիմնական ուղղությունները: Քննարկվեցին հալեպահայ համայնքի և Հալեպի նահանգային իշխանությունների հետ համագործակցության խորացման հնարավորությունները:

Հանդիպումից հետո դեսպան Փոլադյանը գլխավոր հյուպատոսի ուղեկցությամբ այցելեց հյուպատոսության հիմնական շենք և ծանոթացավ շենքի ընդհանուր վիճակին՝ ուսումնասիրելով հյուպատոսության աշխատանքները հիմնական շենքում վերսկսելու հնարավորությունը: (2012թ.-ին զինյալների հարձակման պատճառով հյուպատոսությունը տեղափոխվել է ավելի ապահով հայաբնակ թաղամաս):

Հոկտեմբերի 5-ին դեսպան Փոլադյանը հանդիպեց Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիաբի հետ, որի ընթացքում նահանգապետն ամփոփ ներկայացրեց Հալեպում ռազմական գործողությունների ընթացքում կրած նյութական վնասները, այն թվում՝ տնտեսության, արտադրության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների և ծառայությունների այլ ոլորտներում ներկա իրավիճակը:

Հուսեյն Դիաբն անդրադարձավ նաև քաղաքի վերականգնման մի շարք նախագծերի իրականացմանը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Զրուցակիցները քննարկեցին այդ նախագծերին Հայաստանի մասնակցության, ինչպես նաև երկկողմ համագործակցության աշխուժացման հեռանկարները:

Նահանգապետը կարևորեց Հալեպի հայ համայնքի դերը քաղաքի տնտեսական, մշակութային և հասարակական կյանքում՝ վստահություն հայտնելով, որ հալեպահայությունն իր մեծ ներդրում կունենա քաղաքի վերականգնման և խաղաղ կյանքին վերադառնալու գործում: Նահանգապետը շատ բարձր գնահատեց Հայաստանի հավասարակշռված դիրքորոշումը սիրիական ճգնաժամի վերաբերյալ, որը լավագույնս դրսևորվել է Հալեպում շրջափակման օրերին ՀՀ գլխավոր հյուպատոսության անխափան գործունեությամբ:

Նույն օրը Հալեպի Սբ. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու սրահում կայացավ դեսպան Փոլադյանի հանդիպումը Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որին ներկա էին հոգևոր առաջնորդներ, հալեպահայ համային իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքային ականավոր գործիչներ:

Հալեպահայերին ուղղված իր խոսքում դեսպանը նշեց, որ սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրերից Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը որոշում կայացրեց Սիրիայում պահել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հնարավորության սահմաններում զորավիգ լինել սիրիահայությանը: Նա հավելեց, որ Հայաստանը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել հայության խնդիրները և գործադրելու է հնարավոր բոլոր ջանքերը հայրենակիցների հոգսերը թեթևացնելու համար: Ելույթի ավարտին դեսպանը հալեպահայ համայնքին ներկայացրեց Հալեպում նորանշանակ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանին:

Միջոցառման ընթացքում Բերիո Հայոց Թեմի առաջնորդ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը դեսպան Փոլադյանին հանձնեց Բերիո թեմի «Ծառայության» շքանշանն՝ ի նշան սիրիահայության երախտագիտության դեսպանի երկարամյա արգասաբեր ծառայության:

Հոկտեմբերի 5-ի երեկոյան տեղի ունեցավ դեսպան Փոլադյանի՝ հայ-սիրիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ վերջերս լույս տեսած՝ «Հայ-սիրիական հարաբերություններ՝ պատմական գործընկերություն» խորագրով արաբերեն մենագրության շնորհանդեսը:

Այցի շրջանակներում դեսպանն այցելեց նաև Հալեպի հայկական հոգևոր, մշակութային, կրթական հաստատություններ՝ այդ թվում Քառասուն Մանկաց և Սուրբ Գևորգ եկեղեցիներ, Կարեն Եփփե ճեմարան, Սիրիայի Օգնության խաչի բժշկական կենտրոն:

ԱԳՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031