Սուսաննա Մաթեւոսյանը 48 տարեկան է, մասնագիտությամբ` ռադիոֆիզիկոս:
Տեղեկատվական տեխնոլոգիաների վրա շեշտադրում արած կառավարության համար տիկին Մաթեւոսյանի մասնագիտությունը ամենապահանջվածներից է, սակայն այսօր նա աշխատանքի տոնավաճառում աշխատանք էր փնտրում: Նրան առաջարկվող աշխատանքները հիմնականում ծառայության ոլորտից էին` մաքրուհի, կոսմետիկա վաճառող, կարի ֆաբրիկայում բանվորուհի եւ այլն:
Սուսաննա Մաթեւոսյանը պատրաստ է իր գիտելիքները ներդնել որեւէ գործում, սակայն Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ այդ տարիքում արդեն պահանջված չէ, քանի որ վերապատրաստման կարիք ունի, բայց` գումար չունի. «Մինչեւ թոշակի անցնելը` 63 տարեկանը, մարդ ինչպե՞ս պիտի ապրի կամ էլ, որ չի աշխատում, թոշակ ո՞նց է ստանալու»:
Այն պահին, երբ մի շարք քաղաքացիներ Նալբանդյան–Հանրապետության փողոցների հարակից այգում կազմակերպված աշխատանքի տոնավաճառում աշխատանք էին փնտրում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնում էր, թե պետությունն ինչպիսի զբաղվածության ծրագրեր է անում, որպեսզի մեր քաղաքացիները աշխատաշուկայում մրցունակ լինեն: Ասաց, որ գործատուին, տարբեր խնդիրներ լուծելու համար, միանվագ աջակցություն են տալիս, որպեսզի տվյալ անմրցունակ անձը կարողանա տվյալ աշխատատեղում իր աշխատանքին հարմարվել եւ գործատուի համար դառնալ հիմնական աշխատող:
Նախարարը շրջեց, գործատուներից հետաքրքրվեց`ինչու այդքան թափուր հաստիքներ կան, բայց ցանկացողներ չկան: Կահույքի ֆաբրիկայի ներկայացուցիչն ասաց, որ իրենք պատրաստ են անգամ գործը սովորեցնել եւ աշխատանքի վերցնել, աշխատավարձն էլ` 80 հազար դրամից սկսած, սակայն հետաքրքրվողներ գրեթե չկան:
Մանրամասները` տեսանյութում
Տոնավաճառում ներկայացված էր 60 գործատու` 965 թափուր աշխատատեղով:
Անհատ ձեռներեց Աննա Հովհաննիսյանն Aaravot. am-ի հետ զրույցում ասաց, որ 11 աշխատողի կարիք ունեն, տարիքային սահմանափակում էլ չունեն, սակայն աշխատանք փնտրողները դեռ այս գործով հետաքրքրված չեն:
Աշխատանքի տոնավաճառում աշխատանք փնտրողները հիմնականում 40 տարեկանից բարձր անձինք էին:
Մեզ հետ զրույցում Մ. Դեմիրճյանն ասաց, որ տարիներ ի վեր մասնավոր գործակալությունների միջոցով է աշխատանք փնտրել, սակայն հասկացել է, որ խաբեություն է. «Ոչ պետական գործակալությունները հիմնականում խաբում են, աշխատանք չունեցող մարդկանցից գումարը գանձում են ու տալիս են հեռախոսահամարներ` 7-8 տարվա վաղեմության, որ զանգահարում ես` գործատուն անպատվում, վիրավորում է` ասում է` լավ, ինչ անենք, որ պրծնենք, էլ մեր համարը չտան այդ գործակալությունից: Պետական զբաղվածության կենտրոնից գոհ եմ, ճիշտ է, չեմ գտել, բայց մարդիկ անվճար առաջարկում են, փորձում են գտնել, գնում եմ, փորձում եմ»:
Տիկին Դեմիրճյանը մասնագիտությամբ ինժեներ է, բայց երկար տարիներ հաշվապահ է աշխատել:
Արտեմ Ասատրյանին փոխանցելով աշխատանք փնտրողների դժգոհությունները տարիքային սահմանափակումների հետ կապված՝Aaravot.am-ը հարցրեց, թե պետությունն ունի՞ գործատուներին շահագրգռող ծրագրեր, որոնք նախապատվություն կտան բարձր տարիքի քաղաքացիներին, ինչպես օրինակ` հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում է, երբ գործատուն խրախուսվում է:
Արտեմ Ասատրյանն ասաց, որ գործատուի դրած տարիքային սահմանափակումը խտրականություն է, այդուհանդերձ, նշեց, որ գործատուին պարտադրելու որեւէ լծակ չունեն, փոխարենը սոցիալական գործընկերության հարթակի միջոցով փորձելու են համագործակցել գործատուների հետ, թափուր աշխատատեղերը հավաքագրել ու ըստ այդմ աշխատողներ առաջարկել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ