Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետի 1 տարին. «Ունենք 200-300 հազար աղքատ ընտանիքներ ու գործազրկության աճ» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2017 16:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության 1 տարին են քննարկում տնտեսագետներ Մեսրոպ Առաքելյանն ու Վիլեն Խաչատրյանը:

Նելլի Բաբայան.- Վարչապետ Կարապետյանի օրոք գազի ու էլեկտրաէներգիայի գինը նվազեց, հարկային եւ մաքսային բարեփոխումներ եղան, եւ սա այն ոլորտն էր, որից գործարարները մշտապես դժգոհում էին: Դուք ի՞նչ գնահատական կտաք այս մեկ տարվա կառավարության գործունեությանը:

Մեսրոպ Առաքելյան.– Ընդհանրապես, նոր կառավարության նկատմամբ հասարակության եւ տնտեսության մյուս մասնակիցների սպասումները միշտ դրական են լինում՝ հաշվի առնելով մինչ այդ տեղի ունեցող բացասական իրադարձությունները, եւ այս կառավարությունն էլ բացառություն չէր: Եվ նաեւ հաշվի առնելով կառավարության կազմի աշխատաոճի փոփոխությունները՝ ի տարբերություն նախորդ կառավարության, տնտեսության մեջ որոշակի աշխուժության հույսեր առաջացրեց: Սակայն կառավարության գործունեության արդեն առաջին ամիսներից նկատվեց, որ բովանդակային առումով որեւէ էական փոփոխություն սպասելի չէր, այս 1 տարում էական փոփոխություն տեղի չի ունեցել: Եղած փոփոխություններն էլ էական չեն, քանի որ նկատում ենք, որ տարեցտարի կյանքի որակը վատանում է: Օրենսդրական որոշակի փոփոխությունների կամ մակրոտնտեսական ցուցանիշների որոշակի բարելավման կողքին կուզեմ նշել ամենակարեւոր ցուցանիշը, որը տնտեսության փոփոխությունների կարեւոր ազդակն է. դա արտագաղթի տեմպերն են: Այսինքն՝ հասարակությունը շարունակում է ոչ միայն վատ ապրել, այլեւ ապագայի նկատմամբ ունի բացասական սպասելիքներ: Եթե կառավարությունը արձանագրի այնպիսի գործունեություն, նույնիսկ ավելի ցածր մակրոտնտեսական ցուցանիշներ, որոնց արդյունքում ժողովրդի մոտ կլինի վստահություն ապագայի նկատմամբ, եւ արտագաղթի տեմպերը կնվազեն, նոր կարելի է դրական գնահատել կառավարության գործունեությունը:

Ն. Բ.– 6.2% տնտեսական ակտիվություն է արձանագրվել, նոր աշխատատեղեր են բացվելու ու էլի բացվում են, սա հույս չի՞ ներշնչում:

Մ. Ա.– Տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համեմատ է աճել, իսկ նախորդ տարում վերջին տասը տարվա վատթարագույն ցուցանիշն էր, հետեւաբար ակնհայտ էր, որ այս տարի ոչինչ չանելու պարագայում էլ տնտեսական աճ էր արձանագրվելու: Ինչ վերաբերում է աշխատատեղերին՝ այո, ամեն տարի էլ բացվում են, փոքր ձեռնարկություններ են ամեն տարի բացվում, եւ պաշտոնական տվյալներով՝ մոտ 1 միլիոն աղքատ բնակչության պարագայում պետք է արձանագրենք, որ ունենք 200-300 հազար աղքատ ընտանիք: Համեմատենք՝ 2-3 հարյուր հազար աղքատ ընտանիքի պարագայում 2-3 հազար աշխատատեղերի ստեղծումը հասարակության կյանքում ի՞նչ փոփոխություն կարող է ունենալ:

Վիլեն Խաչատրյան.– Աշխատատեղերի բացմանն անդրադառնամ՝ սա շատ նման է ներդրումներին: Օրինակ՝ ասում են՝ ներդրումներ են անել, եւ տնտեսական վիճակը որոշակի բարելավվել է: Բայց երբ անդրադառնում ենք զուտ ներդրումներին, այսինքն՝ ինչքան ներդրում Հայաստանից հոսել է, տեսնում ենք, որ ցուցանիշը բացասական է: Այսինքն՝ եթե ենթադրենք որ Հայաստանում 400 միլիոնի ներդրում են արել ու 500 միլիոն էլ տարել են, սա չի նշանակում, որ ներդրումներն աճել են: Զբաղվածությունը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվել է: Այսինքն՝ եթե Հայաստանում կար 1 միլիոն զբաղված՝ վարչապետի եկած ժամանակ, այս պահին 976 հազար է: Եվս 24 հազար կրճատվել է, կրճատվել է տնտեսապես ակտիվ բնակչության հաշվին: Այսինքն՝ եթե ներկայացնում են վիճակագրություն, թե որքան աշխատատեղ են ստեղծել, օբյեկտիվության համար պետք է ներկայացվի, թե քանիսն են նաեւ կրճատվել: Գուցե ասեն, որ այդ մարդիկ մտել են ստվերում են աշխատում, բայց սա էլ բացասական երեւույթ է, թերություն է: 2016-ին 0.2% տնտեսական աճ է եղել, 2016-ին աճի տեմպերը մինչեւ մարտ-ապրիլ բավականին բարձր էին, դրանից հետո սկսեցին նվազել, հատկապես վերջին 3-4 ամսում ամենացածրն էին: Պարտքի տեմպերը մոտեցան 6 միլիարդին:

Ն. Բ.- Բայց արդյոք կարելի՞ է այս ցուցանիշների համար մեղադրել Կարեն Կարապետյանին, քանի որ, ինչպես ինքն էր ասել, ժառանգել է չափազանց ծանր վիճակում գտնվող տնտեսություն, նախորդ կառավարությունների ժամանակ բացասական միտումներ էին գրանցվում:

Վ. Խ.– Հայտնի թագավորի խոսքերը՝ ավերակների վրա ինչպե՞ս կառավարեմ: Սա միեւնույն ոճի քաղաքականություն վարած վարչապետների մոդել է, որը բաժին է ընկել մեր երկրին, մեզ ու վերջին վարչապետին: Էական փոփոխություններ, որ հատկապես բնակչությունն էլ զգա իր վրա, մենք չունենք: Համակարգային փոփոխություններ են հարկավոր:

Ն. Բ.– Մի՞թե համակարգային փոփոխություններ չեք նկատում:

Վ. Խ.- Ասենք՝ հարկային ոլորտում տեղի են ունենում համակարգային փոփոխություններ: Լավ, նայում ենք՝ շրջանառության հարկն աճել է 20%-ով: Սա նշանակում է՝ եթե անգամ եղել է թաքնված շրջանառություն, դա ի հայտ է բերվել, ակցիզային հարկն աճել է 133%-ով, այսինքն՝ ակցիզային ապրանքները սկսել են շատ հարկել, դա նաեւ ստվերի կրճատում է: Մենք խոսում ենք նաեւ գնաճի երեւույթների մասին, տեսեք՝ ներքին առեւտրաշրջանառության 12% աճի պարագայում գնաճը կազմում է 100.6%: Ի՞նչ է նշանակում. մարդիկ սկսել են շատ գնել, բայց իրենց վրա թանկ չե՞ն վաճառում: Ոչ, նրանք գնում են նույն քանակությամբ, չնչին փոփոխությամբ, դա էլ ներմուծման հաշվին տեղի ունեցող փոփոխություններ են, որովհետեւ ներմուծումն աճել է: Բայց, այնուամենայնիվ, ավելի շուտ ստվերի բացահայտում է տեղի ունենում: Մեկ խնդիր էլ եմ տեսնում՝ երբ հարկայինն սկսում է ավելի լուրջ աշխատել եւ դուրս է բերում ստվերից, վերջիններս հասկանում են, որ կորցրել են իրենց հասույթը: Եվ նրանք բարձրացնում են ապրանքների գները: Այսինքն՝ հարկայինի լավ աշխատանքի բեռը դրվում է սպառողի վրա, սա չի ուղեկցվում աշխատավարձերի, թոշակների բարձրացմամբ: Այսինքն՝ որոշակի փոփոխությունները բերում են մարդկանց կյանքի վատացման: Կոնկրետ 2017 թվականին սպառման ծավալներով, ՀՆԱ-ի տեսակարար կշռի առումով, 2016-ի համեմատ նվազել է: Սա նշանակում է՝ մարդիկ վատ են ապրում:

Ն. Բ.- Այս տարի արդյունաբերության ոլորտի աճ է գրանցվել, արտահանման աճ, եւ մի շարք այլ դրական ցուցանիշներ են գրանցվել այս կառավարության օրոք:

Մ. Ա.– Որոշակի փոփոխություններ եղել են, օրինակ՝ հարկային ոլորտում: Բայց այս ոլորտի փոփոխությունները արվում են հարկային օրենսդրության հիման վրա, որը Հայաստանի տնտեսության համար, նաեւ ներդրումների համար կարեւորագույն խոչընդոտներից մեկն է: Մենք ունենք այնպիսի մի օրենսգիրք, հարկերի այնպիսի մի տեսականի, մոտ 20-ի հասնող, որ որեւիցե գործարար իրեն հարմար չի զգում այդ օրենսդրության շրջանակներում ծավալել ցանկացած գործունեություն՝ սկսած փոքր բիզնեսից մինչեւ օտարերկրյա միջազգային հեղինակավոր կազմակերպության ներդրում, եթե այն կատարվի Հայաստանում: Այս կառավարությունը շարունակեց նախորդի նախաձեռնած հարկային օրենսդրության փոփոխությունը: Այս կառավարությունը կարող էր ԱԺ-ից հետ կանչել այդ օրենսգիրքը, շարունակեր քննարկումներն ու հեղափոխական փոփոխություններ իրականացներ, ասենք՝ այնպես, ինչպես Վրաստանում՝ 5-6 հարկատեսակ է այնտեղ: Նույն միջազգային ընկերությունները եթե ներդրում են ուզում անել, ապա նրանք երբ նայում են Հայաստանի եւ Վրաստանի օրենսգրքերը, միանշանակ ներդրումները կուղղեն Վրաստան: 3-4 անգամ ավելի ներդրումներ կան Վրաստանում:

Ն. Բ. – Ենթադրվում է, որ 2018-ին վարչապետի փոփոխություն կլինի, գուցե սա է նաեւ պատճառը, որ ներդրողների, բիզնեսի մոտ սպասողական իրավիճակ է, նույնը Կարապետյանի մոտ է, գուցե մի փոքր զգուշավոր է:

Մ. Ա.– Իհարկե, նման մտահոգություն կա, եւ սա բավականին վատ երեւույթ է: Օտարերկրյա ներդրողի ու բիզնես միջավայրի վրա վարչապետի կամ կառավարության կազմի փոփոխությունը չպետք է ազդեցություն ունենա: Վրաստանում Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո դրվեցին համակարգային այնպիսի փոփոխություններ, որ այսօրվա իշխանությունը, որը Սաակաշվիլիին թույլ չի տալիս մուտք գործել երկիր, բայց այնտեղ 10 տարի է՝ այնպիսի բիզնես միջավայր է, որ ներդրողը կարող է նույնիսկ Վրաստանի վարչապետի անունը չիմանա:

Վարչապետի խոստացած ներդրումների, 2018-ի պետական բյուջեի, մոտ 7 մլրդ դոլարի հասնող պետական պարտքի մասին քննարկումը դիտեք տեսանյութում`

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

07.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031