Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատաքննության ժամանակ ամբաստանյալ Դավիթ Հարությունյանն այսօր նույնպես հրաժարվեց ցուցմունք տալուց, նախագահող դատավորը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը: Դավիթ Հարությունյանը նույնպես իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Դավիթ Հարությունյանը մեղադրվում է ամբաստանյալներից Կարեն Քոչարյանին Մոսկվայից 5 հազար եվրո Երեւան տեղափոխելու հարցում օգնելու համար:
Նախաքննական ցուցմունքում նա պատմել էր, որ Սամվել Բաբայանին անձամբ չի ճանաչել. «Կարեն Քոչարյանն ինձ ասաց՝ կեղտոտ փողեր են, ենթադրել եմ, որ գողացված փողեր են: Ես Կարենին ասել եմ, որ կարող են տանել հանձնել բանկին, բայց Կարենն ինձ չի պատասխանել: Ես 5 հազար եվրոյանոց թղթադրամների թանաքոտված լինելու մասին ավտոբուսի վարորդներին չեմ հայտնել, միայն Գոռ Շաբոյանին եմ ասել, որին էլ պատկանում են այդ ավտոբուսները»:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 16-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ