Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Ոչ մի շանս չպետք է տանք, որ այդ զորախումբը ռուս գեներալները ղեկավարեն» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2017 13:34

«ՀԱՊԿ-ում ես խաղի կանոնները հասկանում եմ, թեպետ այնտեղ էլ շատ հարցեր կան, բայց այս դեպքում ես խաղի կանոնները չեմ հասկանում»,- «Հենարան» մամուլի ակումբում այսօր կարծիք հայտնեց քաղաքագետ, «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոն» կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանն`անդրադառնալով խորհրդարանի կողմից օրերս վավերացված ՀՀ զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրին:

Հիշեցնենք, ռուսական կողմն արդեն մի քանի ամիս առաջ վավերացրել է համաձայնագիրը: Հայաստանի խորհրդարանում այս զորախմբի ստեղծմանը «դեմ» քվեարկեցին միայն «Ելք» խմբակցության պատգամավորները:

Համաձայնագրով, միացյալ խմբավորման նպատակ է սահմանվում «տարածաշրջանում ռազմական անվտանգություն ապահովելը». Մասնավորապես՝ «Ժամանակին բացահայտել և հետ մղել տարածաշրջանի սահմաններում Հայաստանի և Ռուսաստանի դեմ զինված հարձակման նախապատրաստումը` երկու երկրների զինված ուժերի զորքերի խմբավորումների, զինվորական կազմավորումների և մարմինների հետ փոխգործակցությամբ»: Համաձայնագիրը չի կարգավորում միացյալ զորախմբի կառուցվածքը: Այն առայժմ պարզ չէ: Համաձայնագրով սահմանված է, որ հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարին պաշտոնում նշանակում և ազատում է Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը՝ համաձայնեցնելով Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի հետ, եթե խաղաղ ժամանակ խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի զինված ուժերի շտաբի պետին: Ագրեսիայի, անմիջական սպառնալիքի, պատերազմի ժամանակ, իրավիճակից կախված հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարը ենթարկվում է կամ Հայաստանի զինված ուժերի շտաբի պետին, կամ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարին: Հարցը տվյալ պահին պետք է որոշեն Հայաստանի և Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատարները: Կա նաեւ մյուս տարբերակը`համատեղության կարգով ղեկավարում:

Քաղաքագետի հիմնական մտավախությունն այն է, որ, այս համաձայնագրով, փաստորեն, ռուսական կողմը որոշակի վերահսկողություն է ունենալու Հայաստանի զինված ուժերի կոնկրետ ստորաբաժանման նկատմամբ. «Այստեղ ես ավելի շատ տեսնում եմ մեր սուվերենության մի մասի տալը, այլ ոչ թե դրական ազդեցությունը»: Ստեփան Գրիգորյանը չի կարծում, թե ագրեսիայի դեպքում ռուսական կողմն օգնելու է Հայաստանին այն դեպքում, երբ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին եւ Թուրքիային: Քաղաքագետը չի կարծում, որ զարգացումները միայն բացասական սցենարով են լինելու: Բայց գտնում է, որ հայկական կողմը հատկապես այդ սցենարների վրա պետք է ուշադրություն դարձնի: «Ես չեմ ուզում հավատալ, որ եթե պատերազմական գործողություն լինի, համատեղ զորախումբը չի աջակցի Հայաստանին: Հուսով եմ, որ կաջակցի: Բայց եթե հավանականություն կա, որ չաջակցի`ես պահանջում եմ, որ այդ կետը փոխվի: Օրինակ, ես համարում եմ, որ ոչ մի շանս չպետք է տանք, որ այդ զորախումբը ռուս գեներալները ղեկավարեն: Մեկ միլիարդը լավ գումար է: Նույնիսկ հայ գեներալը կարող է գայթակղվել մեկ միլիարդով: Եթե պատերազմական գործողություն լինի, ադրբեջանցիները կամ թուրքերը գալիս են եւ ռուս գեներալի մոտ մեկ միլիարդ դնում: Ի՞նչն է գերակշռելու»,- ասաց բանախոսը:

Մանրամասները` տեսանյութում

Համատեղության կարգով ղեկավարումն էլ նա համարում է վատթարագույն տարբերակը, քանի որ այն կարող է բերել ուղղակի անպատասխանատվության:

Ի դեպ այն, որ շաբաթ օրը կայացած ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ ՀԱՊԿ շտաբի պետը հայտարարեց`պատերազմական գործողությունների ժամանակ ՀԱՊԿ-ը կաջակցի Հայաստանին, դա քաղաքագետը պայմանավորում է ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանում առկա քննադատական տրամադրությունների արձագանքը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031