Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմն է այն հյուրատունը, որի դռան դիմաց նկարվելու համար կառավարության անդամները հերթ էին կանգնել

Հոկտեմբեր 09,2017 13:18

Նախորդ կիրակի նշվող Գյումրու տոնին, որին մասնակցում էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը՝ մի քանի նախարարների հետ, նկատեցինք, որ «Կումայրի» արգելոցի տարածքում՝ վարչապետի ծրագրով վերանորոգվող Ռուսթավելի փողոցի վրա նոր ներդրում է կատարված։ Կարեն Կարապետյանից բացի, «Կումայրի» արգելոցում ինչ-որ մեկը տուն էր գնել՝ դարձնելով հյուրատուն։ Հյուրատուն մտնել մեզ չհաջողվեց, քանի որ նախագահի անվտանգության աշխատակիցները ներս չէին թողնում, սպասում էին Սերժ Սարգսյանին ու կառավարական հյուրերին, որոնք պիտի ճաշեին այնտեղ, սակայն դռան արանքից նկատեցինք, որ բակում պահպանված է Գյումրվա հին կոլորիտը։

Ու քանի որ Սերժ Սարգսյանին այդ հյուրատանը սպասողների թվում Սամվել Բալասանյանի կինն ու որդին էին, Գյումրիում խոսակցություններ տարածվեցին, որ այդ տունը գնել է Գյումրու քաղաքապետը։

Մենք քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանից հետաքրքրվեցինք, թե ո՞վ է գնորդը, Սամվել Բալասանյա՞նը։ Քաղաքի գլխավոր ճարտարապետն ասաց, որ այն գնել է Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցներից մեկը (անուն-ազգանուն այդպես էլ չհրապարակեց), սակայն խնդրել է Սամվել Բալասանյանին, որ վերականգնի։ Մեր հարցին, թե Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցն ի՞նչ կապ ունի Սամվել Բալասանյանի հետ, նրա մտերի՞մն է, Հենրիկ Գասպարյանը պատասխանեց, որ նրանց հարաբերությունների մասին ոչինչ չգիտի, չի կարող հստակ տեղեկություն տալ։ «Միայն կարող եմ ասել, որ Ամերիկայից գնորդը եկել էր, ուղղակի, որ ինքն այստեղ չի ապրում, խնդրել է քաղաքապետին օգնել վերանորոգել։ Իսկ այդ կառույցը չէր էլ երևում, անշուք էր դարձել, տանտերն ահագին ժամանակ է՝ դրսում էր, մինչև որ որոշեց վաճառել։ Այդ տունը Գյումրվա ազգային-ավանդական կառույցներից մեկն է, որտեղ կահույքն անգամ Գյումրու վարպետների ձեռքի գործն է։ Վերանորոգելուց հետո, անգամ կահույքին ձեռք չեն տվել, պատերն էլ ձևափոխված չեն, Գյումրու ամբողջ կոլորիտը կա այնտեղ», -ասաց ճարտարապետը։

Մեր դիտարկմանն ի պատասխան, թե փայտյա գեղեցիկ դռներով այդ հյուրատան դիմաց էլ «Ավելի բարեկարգ Գյումրի, Տաշիր» ցուցապաստառն էր փակցված, կարելի՞ է հստակ ասել, մյուս կառույցի գնորդը «Տաշիր գրուպ» ձեռնարկության սեփականատեր, ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն է, Հենրիկ Գասպարյանն ասաց՝ այո։

«Այդտեղ վերականգնելու բան չկա, փլատակներ են, այնտեղ մի կտոր կա, որը ես թույլ չտվեցի քանդել, ճարտարապետական արժեք էր ներկայացնում, կմտածենք ինչ անենք, կամ չափագրենք, պահենք, կամ օգտագործենք ՝տեսքը պահպանելով։ Դա բազմաֆունկցիոնալ օբյեկտ կարող է լինել»,- Սամվել Կարապետյանի ներդրման մասին նման տեղեկություն հաղորդեց ճարտարապետը։

Նշենք, որ կառավարության անդամները, նախագահականից եկած հյուրերը հերթ էին կանգնում Ռուսթավելի փողոցի՝ Գյումրվա կոլորիտը պահպանած փայտյա դռներով հյուրատան դիմաց լուսանկարվելու համար։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում էլ օրումեջ տարբեր մարդկանց լուսանկարներ են հայտնվում՝ այդ հյուրատան ֆոնին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031