Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես շատ բան գիտեմ». Աղվան Վարդանյանը՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելու մասին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2017 13:09

Այսօր լրագրողները ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին հարցրեցին ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականից՝ արդյոք մեզ ձեռնտո՞ւ է ԵԽԽՎ-ից Ադրբեջանի դուրս գալը, որովհետեւ ՄԻԵԴ որոշումները չկատարելու մասով առաջիկայում կարող է գործընթաց սկսվել: Նա պատասխանեց, որ մեր պատվիրակության հետեւողական աշխատանքը նաեւ միջազգային մամուլի անդրադարձները օգնեցին: 3-4 տարի առաջ այս մասին ցածր ձայներ էին միայն հնչում, հետո աղմուկ բարձրացավ եւ Ադրբեջանը բավականին մեծ ճնշումների տակ ընկավ. «Ինչ կանի Ադրբեջանը, ԵԽ-ից դուրս կգա, չի գա՝ դա մեզ ոչ սառն է, ոչ տաք: Մենք մեր միջազգային պարտավորությունները պատրաստ ենք կատարել: Մենք այդ կառույցների անդամ ենք եւ պիտի կարողանանք այդ կառույցների՝ մեր պատկերացրած արժեքային համակարգերին մոտ լինել: Մնացածը իրենց գործն է: Ես ուրախ եմ, որ ի վերջո Ագրամունտը չդիմացավ ճնշումներին եւ հրաժարական տվեց: Ով կլինի հաջորդ նախագահը, բնականաբար հետեւություններ կանի եւ հետեւություններ կանեն եվրոպական տասնյակ օրենսդիրներ»:

Լրագրողները Աղվան Վարդանյանին հարցրեցին նաեւ՝ ՀՀԿ-ում անորոշություն է,թե ով է ի վերջո լինելու նոր կառավարության ղեկավարը եւ այդ հզոր լծակներով թեկնածուն, իսկ Սերժ Սարգսյանն այդ հարցին միանշանակ պատասխան չի տալիս, եթե Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում շարունակի պաշտոնավարել՝ ՀՅԴ-ն սա ժողովրդավարության առումով հետքայլ կդիտարկի՞, թե՞ ոչ: Աղվան Վարդանյանը պատասխանեց՝ «Այդ հարցն անընդհատ սրելը, անընդհատ բերել օրակարգ, երբ վերջին շրջանում կարծես մարել է, խաղաղվել է՝ ժամանակին չէ: Կգա օրը, այդ հարցերի պատասխանները մենք բոլորս միասին կունենանք»:

Երբ ճշտեցին՝ ժամանակը ժողովրդավարության սկզբունքների առումով ի՞նչ է խանգարում, ի վերջո հստակ սկզբունքներ կան՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Կա օրենսդրություն, կա ՀՀԿ, որին պատկանում է ըստ մեր համաձայնագրի վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունքը, երբ այդ իրավունքը իրացվի՝ մենք կխոսենք: Հիմա ժամանակավրեպ է այդ թեման քննարկելը: Եթե-ով հարցերին պատասխանելը լուրջ չէ: Կգա ժամանակը՝ եթե-ների այդ պատասխանը կիմանաք եւ գուցե նաեւ կափսոսաք, որ այսքան ժամանակ այդ հարցը եթե-ներով տվել եք»:

Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, ինչ-որ մի բան գիտե՞ք՝ նա պատասխանեց. «Ինչ-որ մի բանը շատ մեղմ է ասված, ես շատ բան գիտեմ»:

Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Դրանք բոլորը ենթադրություններ են: Սերժ Սարգսյանը մինչեւ ապրիլ ՀՀ նախագահն է: Մենք որեւէ քննարկում չենք ունեցել: Կգա ժամանակը, կքննարկենք, դուք բոլորդ տեղյակ կլինեք դրա մասին: Զինվեք համբերությամբ: Մենք բավականին խնդիրներով ենք զբաղված: Կլինեն քննարկումներ՝ կիմանաք»:

Թե երբ են քննարկումները լինելու՝ նա ասաց, որ ժամանակացույցը չունեն, մինչեւ ապրիլ կիմանանք այդ մասին. «ԳՄ նիստում քննարկում ենք այն հարցերը, որոնք հրատապ են եւ առաջնահերթ»:

Հարցին՝ ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանին չե՞ն հարցնում այդ մասին, թե ով է դառնալու վարչապետ՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ դրա կարիքը չեն զգում հարցնելու, կգա ժամանակը, Սերժ Սարգսյանն ինքը կխոսի այդ մասին, հարցադրում անելու կարիքը չի լինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031