«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շատ էր կարեւորում ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը, ի՞նչն է պատճառը, որ այս ՏԻՄ ընտրություններին «Ելքը» թեկնածու չառաջադրեց: Այս հարցին այսօր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իրականում մենք դաշինքով քննարկել ենք այդ հարցը եւ լրջորեն վերլուծել ենք 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ մարզերում մեր արձանագրած արդյունքները: Այդ արդյունքների խորը վերլուծությամբ՝ հանգել ենք այն եզրակացության, որ մեզ անհրաժեշտ է մարզերում կառուցվածքային որոշակի փոփոխություններ, ուժեղացումներ, ընդհուպ՝ կադրային փոփոխություններ, թիմերի փոխհամագործակցության որոշակի հարցեր ճշտել»:
Նա ասաց, որ դաշինքում աշխատանքային խումբ է ձեւավորվել, որը այս բոլոր հարցերով կզբաղվի եւ հույս ունեն, որ առաջիկա հաջորդ փունջ ՏԻՄ ընտրություններին ակտիվորեն կմասնակցեն:
Փաշինյանն ասաց, որ «Համայնքների խոշորացման քննարկման ժամանակ պնդում էինք, որ համամասնական ընտրակարգով ընտրություններ լինեն խոշորացված համայնքներում, մենք այդ գաղափարը շարունակելու ենք առաջ տանել»:
Մանե Թանդիլյանն էլ ասաց, որ որակական փոփոխություններ են ուզում անել, ոչ թե զուտ մասնակցել եւ արդյունքները կտեսնենք առաջիկայում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ