Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատաքննությանը հարցաքննվեց նաեւ գործով ամբաստանյալ Անդրանիկ Քոչարյանը:
Նա նույնպես, ինչպես Ժորա Զաքարյանը, հրաժարվեց ցուցմունք տալուց՝ խնդրելով հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը: Նախագահող դատավորը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքը:
Ըստ նրա նախաքննական ցուցմունքի՝ ինքն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել: Վերջինս նախաքննության ժամանակ պատմել է, որ թղթադրամների ծագման մասին չի իմացել, տեղյակ է եղել միայն՝ ներկոտված էին. «Չեմ էլ ենթադրել դրանց հնարավոր հանցավոր ծագման մասին, որովհետեւ այդ ժամանակ պատկերացում էլ չեմ ունեցել՝ ինչի մասին է խոսքը»:
Հրապարակվեցին նաեւ նրա ու Սամվել Բաբայանի հեռախոսազրույցների գաղտնալսումները, որոնք, ըստ ամբաստանյալ Քոչարյանի՝եղել են զրույցներ իրենց համագյուղացի Ժորա Զաքարյանի մասին. «Ժորան եղբորս միջոցով հետ է վերադարձրել իմ կողմից տրամադրված 20 եվրոյանոց թղթադրամը մաքրված վիճակում, իսկ հետագայում տրված երեք հատ թղթադրամները, որոնք փոխանցել էի մաքրման համար, չգիտեմ՝վերջնական արդյունքում ինչ է արել դրանց հետ: Ինչ վերաբերում է՝ 5000 եվրո ներկոտված թղթադրամին, ապա, ըստ պայմանավորվածության, Ժորա Զաքարյանը պետք է մաքրեր»:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ