Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ անվերջ օգնություն կա, մարդը նստում է, ուտում է եւ խմում, ուտում է եւ խմում, մարդը չի իրացվում»

Հոկտեմբեր 09,2017 14:30

Երեկ Երեւանում մի յուրօրինակ ֆլեշմոբ տեղի ունեցավ. տեսողության խնդիրներ ունեցող` կույր մարդիկ կապեցին տեսողության խնդիրներ չունեցող մարդկանց աչքերը եւ մայրաքաղաքի մի հատվածից նրանց ուղեկցեցին նախատեսված վայր: Նպատակն այն էր, որ մարդիկ տեսնեն, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ բոլորովին էլ սահմանափակ կարողություններով չեն եւ կարող են լինել հասարակության լիարժեք անդամ, բոլորի պես մենակ, առանց կողմնակի օգնության տեղաշարժվել:

Միջոցառումը կազմակերպել էր «Ուժի առագաստ» ռուսաստանյան կազմակերպությունը, որի անդամները Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կլոր սեղանի շուրջ քննարկեցին` ինչ անել, որպեսզի ներառումը հաջողությամբ դառնա մեր մշակույթի մի մասը:

Կազմակերպության ղեկավար Օլեգ Կոլպաշչիկովի խոսքով՝ հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են հասարակության տասը տոկոսը, սակայն նրանց չենք տեսում ո՛չ ռեստորաններում, ո՛չ փողոցում, ո՛չ աշխատավայրում: Նրանց թոշակը տուն են տանում, սոցիալական արտոնություններ են տրամադրում, սակայն որեւէ մեկը չի մտածում, որ իրականում հաշմանդամություն ունեցող մարդիկ շատ հետաքրքիր են, որովհետեւ նրանց ունեցած սահմանափակումների շնորհիվ հզոր կարողություններ են ձեռք բերում: Ըստ նրա՝ այսօր օրակարգային է դարձել այն հարցը, թե ինչպես օգտագործել հաշմանդամություն ունեցող մարդկանց այդ կարողությունները բիզնեսի, կրթության եւ այլ նախագծերում, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ դառնան օգտակար հասարակության համար:

Օլեգ Կոլպաշչիկովի խոսքով` «Խնդիրն այն չէ, որ պետք է անվերջ օգնել հաշմանդամություն ունեցող մարդկանց, կերակրել, հարդարել, բուժել, այլ այն, որ պետք է հասկանալ, որ մարդկանց մի մեծ զանգված կա, որը մեզ բոլորիս անհրաժեշտ է: Նրանք կարող են օգտակար լինել հասարակությանը»:

«Ուժի առագաստ» կազմակերպության անդամները, պարոն Կոլպաշչիկովի ներկայացմամբ, այնպիսի մարդիկ են, որոնք սովորել են օգտագործել այդ կարողությունները հօգուտ հասարակության. «Կազմակերպության անդամները սովորեցնում են՝ ինչպես լիարժեք ապրել եւ ինչպես օգտակար լինել ուրիշներին: Երբ մարդ հաշմանդամություն ունի, նրան տանը լավ պահում են, ուտացնում, խմացնում են, բայց մեկ էլ պատկերացնում եք՝ նա է սկսում օգնել մարդկանց եւ սկսում է իսկապես հետաքրքիր լինել շրջապատի համար: Դա է մեր կլոր սեղանի թեման, եւ դա մեր բոլոր նախագծերի թեման է»:

Օլեգ Կոլպաշչիկովը պատմեց, որ երեք շաբաթ առաջ այսպիսի մի միջոցառում կազմակերպել են նաեւ Սանկտ Պետերբուրգում, որտեղ 30 երկրներից 700 մասնակից, այդ թվում եւ Հայաստանից, փոխանակվել են ներառականության լավագույն տեխնոլոգիաների փորձով: Կազմակերպությունը Հայաստանում էլ գործընկերներ ունի, որոնք տարբեր նախագծեր են իրականացնում:

Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռուստոմյանի խոսքով՝ կազմակերպության անդամները մեր երկրում եւ նաեւ այլ երկրներում սովորեցնում են, թե հաշմանդամություն ունեցող եւ չունեցող մարդիկ ինչպես կարող են իրար հետ ապրել, աշխատել. «Այսինքն` այդ գաղափարը, այդ ոգին են բերում Հայաստան, որը շատ չես տեսնի Հայաստանում»:

Կազմակերպության պատասխանատուները նշեցին, որ տարեցտարի ավելի շատ մարդիկ են միանում այս նախագծին:

Պարոն Կոլպաշչիկովի խոսքով՝ Ռուսաստանում էլ վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ աստիճանաբար փոխվում է, բայց նրա համոզմամբ՝ ամենակարեւորն այն է, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց մոտ վերաբերմունը փոխվի հասարակության նկատմամբ: Այսինքն՝ ըստ նրա՝ հաշմանդամություն ունեցող մարդը պետք է ասի` ես հաշմանդամություն ունեմ, բայց ես միշտ կարող եմ ամեն ինչ անել, այլ ոչ թե անվերջ օգնություն ակնկալել:

«Երբ անվերջ օգնություն կա, մարդը նստում է, ուտում է եւ խմում, ուտում է եւ խմում, մարդը չի իրացվում: Մեր կազմակերպությունը հենց զբաղվում է նրանով, որպեսզի այդ պոտենցիալը վեր հանի եւ հաշմանդամություն ունեցող մարդուն որպես կարող ուժի ներկայացնի: Մենք կարող ենք անել շատ հետաքրքիր բաներ, որ ուրիշները այդպես չեն կարող անել` արագ, որակյալ ու էժան»:

Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ լավ է, որ Հայաստանում շատ կան այնպիսի մարդիկ, որոնք հետաքրքրված են այսպիսի նախագծերով: Ըստ նրա՝ այդ առումով Հայաստանը հետաքրքիր հարթակ է իսկական ներառականությունը զարգացնելու համար: Այդուհանդերձ, պարոն Կոլպաշչիկովը կարծում է, որ արեւելյան մշակույթը իր գործն անում է եւ պետք է այնպիսի ստեղծագործական մոտեցումներ այս հարցում ցուցաբերել, որպեսզի ներառումը հաջողությամբ դառնա մեր մշակույթի մի մասը:
Նրա խոսքով՝ օրինակ` արեւելյան մշակույթում եթե կույր աղջիկը մենակ քայլում է փողոցում, անձրեւի տակ, ապա մարդիկ մտածում են, որ ընտանիքը վատ է հոգ տանում նրա մասին. «Իսկ եթե կույր մարդը մենակ չի քայլում քաղաքում, ապա մոռացեք երջանիկ լինելու մասին: Դրանք մշակութային հարցեր են, որոնք կոտրել չի կարելի: Պետք է գտնել նոր ստեղծագործական մոտեցումներ: Ահա այս հարցերի պատասխանները պետք է տրվեն` ինչպես ինտեգրել, ինչպես անել, որ մարդը եւ աշխատի, բայց միեւնույն ժամանակ հակասություններ չլինեն մշակույթի հետ»:

ԼՈԻՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

07.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031