Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ քաղաքական ուժերն անդրադարձան Արտաշես Գեղամյան- Նիկոլ Փաշինյան միջադեպին եւ որոշակի գնահատականներ տվեցին:
Մեր հարցին՝ Աղվան Վարդանյանը ձեր այդ միջադեպի հետ կապված ասաց, որ մի ահելի եւ ջահելի պատմություն է եւ ափսոսանք հայտնեց, որ դուք նմանվում եք իրար եւ դառնում կանխատեսելի, ինչպե՞ս եք վերաբերվում այդ գնահատականին՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Աղվան Վարդանյանի գեղարվեստական մտածողությունը գնահատում եմ, բայց ես կարծում եմ, որ սա ՀՀԿ-ի բանավեճում պարտվածի ռեւանշի փորձ է, որը չի ստացվել եւ չի ստացվելու: ՀՀԿ-ն առաջին օրից պարտվել է բանավեճում եւ շարունակելու է պարտվել: Իրենց մտավախությունն այն է, որ բանավեճում պարտությունը կդառնա ներքաղաքական պայքարում պարտություն: Գործող անձը ամենեւին պատահական չէ: Քննարկման կոնտեքստը չմոռանանք, որ ԵՏՄ-ն է: Մոսկվայում շատերը մտածում են, որ Գեղամյանը ԵՏՄ-ի գաղափարի ամենաջերմեռանդ պաշտպանն է, բայց նրա ելույթները ցույց տվեցին, որ դա ոչ թե պաշտպանություն է, այլ ինչպես կասեր հայտնի ֆիլմից Խաչիկյանը, դուք եւ ձեր նմանները խայտառակում են ԵՏՄ-ն, որը առանց այն էլ խայտառակությունների բազմաթիվ առիթներ ունի»:
Վերլուծելով ՀՀԿ-ականների ելույթները ԵՏՄ-ից դուրս գալու հարցի քննարկման ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանը որոշակի հետեւություններ է արել. «Ի՞նչն է այդ մարդկանց ելույթի վերլուծության արդյունքը, որ ՀՀ-ն ոչ թե անդամակցել է, այլ՝ պատանդառված է ԵՏՄ-ում՝ գազի կտրելու, պատերազմ հրահրելու լծակներով: Մենք այս քննարկումների արդյունքում՝ շնորհիվ ձեզ հայտնի մարդկանց՝ Գեղամյանի նաեւ հասանք Էությանը, որ ՀՀ-ն չի անդամագրվել ԵՏՄ-ին, պատանդառված է ԵՏՄ-ում: Սրանք բոլորովին տարբեր հարաբերություններ են: Երբ որ դա բացահայտվեց հանրության համար, սա ՀՀԿ-ի մեծագույն պարտությունն էր այս քննարկումների ընթացքում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ