Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ

Հոկտեմբեր 09,2017 14:00

Ինչպես ասում է ժողովրդական խոսքը՝ «Խաչն իմն է, զորությունը ես գիտեմ»:
Հայաստանում ամեն տարի միջինում 100 մարդ դառնում է արգանդի վզիկի քաղցկեղի զոհ:
Ցավալիորեն պետք է փաստել, որ որեւէ դրական դինամիկա չի նկատվում, եւ այլ բան էլ ակնկալել հարկ չէր, քանզի հիվանդության դեմ կարելի է պայքարել երկու եղանակով՝ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման կամ պարբերաբար սկրինինգ հետազոտություններ անցնելու միջոցով:

Հատկանշական է, որ Հայաստանում մարդու պապիլոմա վիրուսի դեմ վակցինացիայի գործընթացը նորություն չէ. առաջին պատվաստանյութը՝ սերվարիքսը, գրանցվել է դեռեւս 2009 թվականին, սակայն այն այդքան էլ մատչելի եւ հասանելի չէ բոլորի համար. 1 դեղաչափի արժեքը (ներարկման) մոտավորապես 100 ԱՄՆ դոլար է, իսկ ամբողջական կուրսի համար անհրաժեշտ է 3 դեղաչափ (ներարկում), որը կազմում է 300 ԱՄՆ դոլար:

Ու եթե անգամ, Աստված մի արասցե, հիվանդության դուռը թակելու պարագայում շատերը հաստատ ինչ-որ տեղից գումար հայթայթեն, ապա համաձայնեք, որ հիվանդության կանխարգելման համար անգամ վճարունակները կհապաղեն:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ մեր երկիր ներմուծվել է պատվաստանյութի ավելի քան 1500 դեղաչափ: Հատկանշական է, որ մինչ օրս որեւէ մեկին չէր անհանգստացնում վակցինացվելու եւ վակցինան վաճառելու փաստը, դեռ ավելին, նույնիսկ շատ մասնագետներ փաստում էին, որ Հայաստանում եւս վերջապես հնարավոր է կանխարգելել արգանդի վզիկի քաղցկեղը: Եվ ահա այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ հետայսու երեխաները կարող են պատվաստվել անվճար, հայտնվեցին ինչ-որ «ազգափրկիչներ», որոնք ջանք ու եռանդ չեն խնայում հասարակությանը հերթական «կոտորածից» փրկելու համար:

Ցավալի է, սակայն փաստ, որ հասարակությունն այսօր պետք է որոշում կայացնի՝ կշեռքի նժարներին դնելով մի կողմից՝ առողջապահության նախարարության պաշտոնական հայտարարությունները, որի նկատմամբ հանրության վստահությունը, մեղմ ասած, հուսադրող չէ, մյուս կողմից՝ «ազգափրկիչների», որոնց կողմից փայլուն շահարկվում է համակարգի նկատմամբ առկա խոր անվստահությունը՝ երկրորդ պլան մղելով այն հանգամանքը, որ այդ նույն «ազգափրկիչները» որեւէ աղերս չունեն առողջապահության հետ ոչ մասնագիտության, ոչ էլ աշխատանքային գործունեության բերումով:

Իսկ թե ինչու են լռում համապատասխան մասնագիտական կառույցները՝ դժվար չէ կռահել, քանզի մի կողմից՝ ոչ այնքան սիրելի նախարարությունն է, որի շահից բխող որեւէ հայտարարություն փորձագետները չեն ցանկանում լեգիտիմացնել, մյուս կողմից՝ «Չար հոգիների դավադրության տեսության» հիմնադիրները, որոնց հայտարարություններին մեկնաբանություն տալը հարիր չէ իրեն հարգող որեւէ մասնագետի կամ փորձագետի:

Արդյունքում, ինչպես միշտ, տուժած է մնում հասարակությունը, որն այդպես էլ չի ստանում իր համար այդքան կարեւոր հավասարակշռված, հավաստի եւ մասնագիտական տեղեկատվությունը:

 

ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ»

07.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031