Քիչ առաջ «Ելք» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել էթիկայի հանձնաժողով ստեղծելու որոշման նախագիծը՝ ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջադեպի առնչությամբ: Հանձնաժողովը պետք է քննի միջադեպը, թե ինչքանով է Գեղամյանը խախտել պատգամավորական էթիկայի կանոնները եւ եզրակացություն ներկայացնի:
Այդ մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ տեղեկացրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա ասաց, որ չէր ուզենա քաղաքական հնչեղություն հաղորդեր կատարվածին, բայց դրան հաջորդած իրադարձությունները ստիպել են դա անել. «Երբ ՀՀԿ-ն դրա շուրջ փորձում է հանդուրժողական մթնոլորտ ստեղծել, հստակ գնահատականներ չտալ տեղի ունեցածին, ստիպում է արձանագրել, որ տեղի ունեցածի մեջ ավելի լուրջ քաղաքական բովանդակություն կա, դա բանավեճի մեջ շարունակաբար եւ սիստեմատիկ պարտվողների բարդույթի արտահայտումն է: ՀՀԿ-ն ինքն էլ արձանագրում է, որ հետագա բանավեճերը նույն ճակատագիրն են ունենալու եւ այս թնջուկը լուծելու փնտրտուքի մեջ են: Իսկ մենք ասում ենք, որ իրենք շատ սխալ ճանապարհ են ընտրել եւ որոշման նախագիծը հստակ կտարանջատի, իսկ եթե ոչ՝ դա կունենա հետեւանքներ»:
Փաշինյանն ասաց, որ պետք է հոգեբանորեն պատրաստ լինել, որ ԱԺ դահլիճում եւ դրանից դուրս նորանոր այսպիսի դրսեւորումներ կլինեն՝ մեծ կամ փոքր մասշտաբներով. «Եթե սա մարտահրավեր է՝ «Ելք» դաշինքն ընդունում է այս մարտահրավերը»:
Հարցին՝ միայն էթիկայի հանձնաժողովի ստեղծմամբ բավարարվելո՞ւ եք, թե իրավապահ մարմիններին էլ եք դիմելու՝ դատախազություն, Քննչական ծառայություն՝ Փաշինյանը պատասխանեց, որ սա քաղաքական հարց է եւ պետք է ստանա քաղաքական լուծում. «Ուզում եմ միջադեպը բոլորս շատ ճիշտ պատկերացնենք, ինչպես է տեղի ունեցել: Այդ անսպասելի հարձակումից ես բավական հաջող պաշտպանվել եմ եւ կարծում եմ իրավապահ մարմիններին դիմելու ոչ մի անհրաժեշտություն չկա…Եթե դիմենք իրավապահ մարմիններն, մարդ պետք է իրեն համարի տուժող: Ես տուժող չեմ, սա ոչ թե տուժողի եւ հարձակվողի հարաբերություններ են, այլ՝ հարձակվողի եւ կարգի հրավիրողի»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իր տպավորությունն այնպիսին է, որ կաթիլ-կաթիլ Գեղամյանին որպես անհեռանկար մի մարդու բրդել են առաջին գիծ, հրել են ու ոչ թե ուղղակիորեն ասել են, այլ՝ կաթիլ-կաթիլ եւ ներքին սադրանքի արդյունքում ստացել են միջադեպ. «Այդ միջադեպի նպատակն է, որ մեր տոնայնությունը, մեր ասելիքը, հարցերին մեր մոտեցումները որոշակիորեն փոխենք: Ինչպես իրերը կոչել ենք իրենց անունով, շարունակելու ենք կոչել իրենց անունով եւ ազգանուններով»:
Փաշինյանի համար վիճելի է այն, որ ՀՀԿ-ականները խոսում են քաղաքական կոռեկտությունից. «Բա Սերժ Սարգսյանը որ Գեղամյանին դատարկ դհոլ էր ասում, այդ ժամանակ քաղաքական կոռեկտությունը մոդա՞ չէր: Կամ որ Սերժ Սարգսյանը իր հաճախորդներին հաճախորդ էր ասում՝ մոդա չէ՞ր: Ի՞նչ ակնարկներ են, այդ ո՞վ է քաղաքական կոռեկտության դասեր տալիս: Ուզում են որոշակի շրջանակ ապահովեն, որից դուրս քննարկումները չգա՞ն: Այո, մենք տոն ենք տալիս ԱԺ աշխատանքներին եւ շարունակելու ենք տոն տալ: Եթե որեւէ մեկը ուզում է մեր բանավեճում պատշաճ ներկայանալ՝ թող մտածի իր կրթական ցենզը բարձրացնելու մասին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ