Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդրանիկ Քոչարյանն ինձ առաջին անգամ տվել է 20 եվրո եւ խնդրել վերացնել թղթադրամի կարմիր բծերը». «Իգլա»-ի գործով ամբաստանյալ

Հոկտեմբեր 09,2017 12:22

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատաքննությանը հարցաքննվում են գործով այն ամբաստանյալները, որոնք մեղադրվում են փողերի լվացման մեջ:

Ամբաստանյալներից Ժորա Զաքարյանը հրաժարվեց ցուցմունք տալ՝ խնդրելով հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքը: Հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը:

Իսկ նախաքննական ցուցմունքում նա պատմել էր, որ գործընկերը՝ Անդրանիկ Քոչարյանն իրեն մի քանի անգամ թղթադրամներ է տվել՝ դրանց վրա առկա կարմիր բծերը վերացնելու համար. «Անդրանիկ Քոչարյանն ինձ առաջին անգամ տվել է 20 եվրո եւ խնդրել վերացնել թղթադրամի կարմիր բծերը, դրանք վերացնելու համար գնեցի մեկ սրվակ եղունգների լաք, բայց չկարողացա վերացնել այդ կարմիր բծերը, որից հետո վերադարձրի գումարը: Մոտ 1 ամիս անց Անդրանիկ Քոչարյանն ինձ տվեց երկու հատ 20 եվրոյանոց եւ 1 հատ 50 եվրոյանոց ներկված թղթադրամ: Անդրանիկ Քոչարյանն ինձ ասել էր, որ նոր խմբաքանակ թղթադրամներ են սպասվում, դրա համար ես Անդրանիկից պահանջեցի այլ նյութեր, բայց Անդրանիկին չեմ ասել, թե ինչով եմ մաքրում այդ թղթադրամները, որովհետեւ մտածել եմ՝ ինքը կսովորի դա անել եւ այլեւս իմ կարիքը չի ունենա: Ես իմ կատարած աշխատանքի դիմաց գումար չեմ պահանջել, միայն մեկ անգամ 5 հազար դրամ եմ վերցրել նյութեր գնելու համար»:

Ըստ Ժորա Զաքարյանի նախաքննական ցուցմունքի՝ ինքը տեղյակ չի եղել, թե ինչպես են 5 հազար եվրոն տեղափոխել Հայաստան, նա նաեւ չի ընդունել առաջադրված մեղադրանքը, նա նաեւ ասել է՝ տեղյակ չի եղել՝ այդ թղթադրամները կապ ունեն Սամվել Բաբայանի հետ:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Վերջիններս, ըստ մեղադրանքի, օժանդակել են հանցավոր ճանապարհով ստացված գույքը` դրա հանցավոր ծագումը և իրական բնույթը խեղաթյուրելու և օրինական շրջանառության մեջ մտցնելու նպատակով ձեռք բերելուն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031