Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անդրադարձավ ԱԺ-ում տեղի ունեցած Գեղամյան-Փաշինյան միջադեպին: Նրա խոսքով՝ «տհաճ, տգեղ, անդուր միջադեպ էր՝ երկու պատգամավորների միջեւ»:
Մեր հարցին՝ Արտաշես Գեղամյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե՝ եթե երկու տղամարդու միջեւ միջադեպ է եղել, այսպես ասած տղամարդկային չէ, երբ դրա մասին բարձրաձայնում են, դուք համաձա՞յն եք, որ Փաշինյանը կռվից հետո չպետք է խոսեր այդ մասին՝ պարոն Վարդանյանը պատասխանեց. «Չեմ ուզում անդրադառնալ ոչ Գեղամյանի, ոչ Փաշինյանի արտահայտություններին: Սա խորհրդարան է, նման վարվելաձեւերը ոչ միայն դատապարտելի են, այլեւ ափսոսանք ու ցավ կարող եմ արտահայտել, որ մարդիկ հաճախ դառնում են չափից ավելի կանխատեսելի: Մի ահելի եւ մի ջահելի պատմություն է եւ ես չէի ուզենա, որ իրար նմանվեին եւ այսքան կանխատեսելի դառնային»:
Նա ասաց, որ ԱԺ կանոնակարգը հնարավորություն տալիս է՝ հարցին իրավական կողմից անդրադառնալ: Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ իրենց խմբակցության պատգամավորների հետ այսքան տարիների ընթացքում նման դեպք չի եղել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ