Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրի փրկության ամենակարեւոր գործոնն իշխանությունների նկատմամբ ժողովրդի վստահության մթնոլորտի վերականգնումն է

Հոկտեմբեր 09,2017 13:30

Գաղտնիք չէ, որ բազմապիսի օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով Հայաստանն այսօր հայտնվել է բավականին ծանր վիճակում (իհարկե, բավականին մեղմ է ասված) եւ բոլորիս պարտքն է ամեն կերպ նպաստել այդ վիճակը հաղթահարելուն՝ ի հնարավորին նվազագույն կորուստների գնով, փորձելով էականորեն չվտանգել մեր երկրի ազգային անվտանգությունը: Թե վերջին մոտ 25-27 տարիների ընթացքում ինչպիսի ցցուն շերտավորումներ են առաջացել մեր հասարակության ներսում եւ ինչպիսի կյանքով են նրանք ապրում, թե արտագաղթը, գործազրկությունը, միմյանց նկատմամբ անվստահությունն ու դավաճանությունն ինչ չափերի են հասել, թե ստրատեգիական բոլոր ուղղություններով երկրի վիճակը որքան օրհասական է, թե այսօրվա կառավարությունը որ բնագավառներում եւ որքան «շոշափելի բարեփոխումներ» իրականացրեց, որոնց «չափազանց դրական» ազդեցությունը ժողովուրդն «անմիջականորեն զգաց» իր մաշկի վրա, թե կառավարիչներն ու հարուստները որքան սրտացավ ու խղճով են դարձել ժողովրդի նկատմամբ, թե օրենքներն ու արդարությունը որքան «իդեալական» են ծառայում ժողովրդին (այս շարքն իրոք անվերջ է), ավելի քան տեսանելի է բոլորին (ժողովուրդն ամեն վայրկյան դրա մեջ է ապրում) եւ այդ իսկ պատճառով անիմաստ եմ համարում սրանց մասին համապատասխան վերլուծականներ ներկայացնել, ուղղակի ուզում եմ մի երեւույթի մասին հատուկ շեշտադրում անել, որը եզակի նշանակություն ունի ժողովրդի եւ երկրի կյանքում: Ուզում եմ խոսել մարդկանց՝ միմյանց եւ հատկապես իշխանության նկատմամբ ժողովրդի ունեցած վստահության մասին: Երկիրն ուժեղ է մի դեպքում, երբ ապրում է մի ընտանիքի պես, որը իրագործելի է, երբ հասարակության անդամներն ապրում են որպես մի ընտանիքի անդամներ, որն էլ իր հերթին հնարավոր է մի դեպքում միայն, երբ նրանք լիովին վստահում են միմյանց:

Անհնար է մարդկային որեւէ խմբի անվանել ընտանիք, եթե բոլորը բոլորին չեն վստահում: Իհարկե, ընտանիքի ամրությունը նաեւ այլ գործոններից է կախված, սակայն առաջին եւ ամենակարեւոր պայմանը միմյանց հանդեպ վստահությունն է, որից էլ ինչ-որ իմաստով ածանցվում են մնացած բոլոր գործոնները: Մանավանդ փոքր երկրների պարագայում, ինչպիսին մեր երկիրն է, դժվար է գերագնահատել վստահության գործոնը, քանզի փոքր երկրների գոյատեւման հիմնական գրավականը նրանց ուժեղ լինելն է, որն էլ հնարավոր է մի պարագայում, եթե նրանք ապրում են միմյանց նկատմամբ խիստ հավատարմորեն ու անդավաճան՝ մի ընտանիքի նման: Իսկ եթե ընտանիքի անդամների միջեւ տիրում է կատարյալ վստահության մթնոլորտ, ապա այդ ընտանիքը համարյա անպարտելի է: Համարյա սխալված չեմ լինի, եթե ցավով նշեմ, որ այսօր մեր երկրում ամենուրեք շրջում է անվստահության ուրվականը՝ համարյա բոլորի մոտ, համարյա բոլորի նկատմամբ: Առանց այն էլ, մեր երկիրն այսօր օրհասական վիճակում է (բերեք իրերը կոչենք իրենց անուններով, հակառակ պարագայում կշեղվենք ճշմարտությունից եւ կշարունակենք ապրել կեղծ հայելիների աշխարհում) եւ այս անելանելի վիճակից երկրի փրկության առաջին եւ հիմնական քայլը վստահության միջավայրի աստիճանական ձեւավորումն է, որը պետք է դառնա այն բազիսը, որի վրա կարելի է հենվել եւ փորձել հերթով շտկել մնացած բոլոր ձախողված վիճակները, որպեսզի երկիրը կարողանա շնչել եւ աստիճանաբար վերականգնել ախտահարված օրգանների կենսագործունեությունը: Իշխանությունը ժողովրդի գլուխն է՝ ընտանիքի հայրը եւ եթե մարմինը չի վստահում գլխին կամ որ նույնն է, ընտանիքը չի վստահում հորը, ապա մեկ միասնական օրգանիզմի կամ մեկ միասնական ընտանիքի մասին խոսք լինել չի կարող: Զուտ զգոնության համար մեկ անգամ եւս բարձրաձայնենք, որ մեր երկիրն այսօր ունի բազում պրոբլեմներ, բազում չլուծված խնդիրներ (բավական է միայն Արցախի հարցը) եւ եթե իշխանություններն իրենց առջեւ որպես առաջնային եւ արագ լուծում պահանջող գերխնդիր չդնեն հասարակության ներսում միմյանց ու իշխանության նկատմամբ ժողովրդի վստահության բարձրացման հարցը, ապա անկախ աշխարհում ընթացող բազմապիսի գործընթացներից՝ հօգուտ, թե ի վնաս մեզ, մեր երկիրն ուղղակի փրկության ոչ մի շանս չի ունենա: Այն կփոշիանա եւ արագ կկորչի հզորների ոտքերի տակ: Մեզ կխնայեն եւ մենք կփրկվենք մի դեպքում միայն, եթե մեզանից մի բան ներկայացնենք, այսինքն՝ ուժեղ լինենք, իսկ դա հնարավոր է, եթե վստահության վեկտորը երկրում հասցնենք մաքսիմումի եւ ամուր միակամվենք: Նորից շեշտեմ, որ միմյանց նկատմամբ վստահությունն ուղիղ համեմատականորեն կախված է իշխանության նկատմամբ ժողովրդի վստահությունից: Եթե իշխանությունները չգիտակցեն եւ իրենց ամենօրյա գործելաոճով չնպաստեն այդ վստահության աճին, ապա ավելի է խորանալու եղած անվստահությունը, որը երկիրը բերելու է անկառավարելի ու քաոսային վիճակի:

Իսկ երկրի քայքայման, մասնատման, կործանման, փոշիացման ավելի կարճ ճանապարհ, քան նման գործելաոճն է, ուղղակի գոյություն չունի: Կրկնում եմ, միայն Արցախի հարցը բավական է հասկանալու համար, որ իշխանություններն իրենց ամենվայրկյանյա գործելաոճով պետք է վերականգնեն ժողովրդի կորցրած հավատը եւ մեծացնեն վստահությունն իրենց նկատմամբ: Սա, ինչ-որ իմաստով նաեւ պարտադրված քայլ է եւ սրան այլընտրանք ուղղակի չկա: Ցանկալի է, որ այս ամենը լուծվի բարի կամքի՝ զուտ ցանկությունների դաշտում, իսկ եթե դա տեղի չունենա, ապա իշխանությունը պետք է բոլոր չինովնիկներին ուղղակիորեն պարտադրի, որպեսզի նրանք շրջադարձային կերպով փոխեն իրենց գործելաոճը ժողովրդի նկատմամբ, որդեգրեն կատարելապես հակադիր կեցվածք, պետք է ապաշխարեն եւ ծառայեն միմիայն օրենքներին ու ժողովրդին, որի արդյունքում միայն ժողովրդի վերաբերմունքն աստիճանաբար կփոխվի եւ նա կսկսի աստիճանաբար վստահել իշխանությանը: Ասվածը միանշանակորեն բերում է այն եզրահանգմանը, որ երկրի փրկության եւ բոլոր մնացած հարցերի լուծման միակ գրավականը իշխանության հանդեպ ժողովրդի վստահության մթնոլորտի ձեւավորումն է եւ այս բանաձեւից շեղումը երկրի կործանման ամենակարճ ճանապարհն է: Փառք Աստծո, որ ասվածը որեւէ առնչություն չունի բյուջեի, ներդրումների, ֆինանսավորման աղբյուրների եւ այլ բազմապիսի բաղադրիչների հետ, այն ընդամենը բարի կամքի դրսեւորում է՝ սանձարձակ ցանկությունների զսպում, որի ամենօրյա ուշացումը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, որն էլ վճռելու է մեր երկրի հետագա ճակատագրի հարցը: Այստեղ հաղթողներ եւ պարտվողներ չկան, այնպես որ, բերենք բոլորս լծվենք այդ սուրբ գործին՝ հանուն մեր երկրի փրկության եւ բարգավաճման…

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն եւ ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն հ/կ նախագահ

«Առավոտ»

07.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031