Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՏՄ անդամների հետ արդյունաբերական քաղաքականություն պետք է զարգացնենք»

Հոկտեմբեր 09,2017 13:00

Հայաստանյան հաստոցաշինական ձեռնարկությունները կարող են վերականգնել տնտեսական կապերը ռուսաստանյան ձեռնարկությունների հետ

Օրերս ՀՀ Ազգային ժողովը մերժեց «Ելք» խմբակցության ներկայացրած օրինագիծը, որով դաշինքը պահանջում էր դադարեցնել ՀՀ անդամակցությունը կառույցին եւ այդ հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Դաշինքի պատգամավորները թվեր էին վկայակոչել՝ համոզմունք հայտնելով, որ ԵՏՄ-ն Հայաստանի ոչ միայն տնտեսական ակնկալիքները չի բավարարել, այլեւ անվտանգության խնդիրներ է առաջացրել: Հարցի շուրջ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագետ Վազգեն Սաֆարյանը՝ վստահություն հայտնելով, որ 2013թ.-ին ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը ճիշտ էր: «Այն, որ ԵՏՄ-ն 170 միլիոնանոց շուկա ունի, դա փաստ է, բայց, մյուս կողմից, մենք ոչ վաղ անցյալում ԵՏՄ երկրների հետ ունեցել ենք տնտեսական կոոպերացիաներ, որոնց վերականգնումն այսօր, կարծում եմ, ժամանակի հարց է: Արդյունաբերական քաղաքականության իրականացման ոլորտում կարող ենք զարգացումներ ունենալ, քանի որ գտնվել ենք նույն արդյունաբերական-տեխնոլոգիական միջավայրում»,-նկատեց Վազգեն Սաֆարյանը:

Նրա բնորոշմամբ՝ հայկական ապրանքներն ընդունված են Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, սակայն խնդիրն այն է, որ արդյունաբերական ապրանքների իրացման գործընթաց չենք ունեցել այդ երկրների հետ. «Գուցե ապագայում ունենանք. մեր հաստոցաշինական-մեքենաշինական ձեռնարկությունները կարող են վերականգնել տնտեսական կապերը ռուսաստանյան ձեռնարկությունների հետ: Սա կարող է լինել արդյունաբերական կապերի զարգացման հիմք՝ պատրաստի ապրանք իրացնելու տեսանկյունից: Այդպես կարող ենք մեր արդյունաբերական ներուժը որոշակի մակարդակի վրա դնել, հետո՝ մտածել նոր տեխնոլոգիաների ներդրման մասին»:

Վազգեն Սաֆարյանի համոզմամբ՝ ԵՏՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու մյուս կարեւոր ուղղությունը գյուղատնտեսական մթերքների արտահանումն է. «Դրանք ճանաչված են Ռուսաստանում: Նաեւ բրենդները, օրինակ՝ կոնյակը: Մենք Եվրոպա տարեկան մոտ հազար շիշ ենք արտահանում, իսկ Ռուսաստան՝ 100 միլիոն դոլարից ավելի կոնյակ ու գինի: Ռուս սպառողն արդեն իսկ ճանաչում է մեր ապրանքները: Ռուսաստանում 3 միլիոն հայ է ապրում: Նրանք հայկական սնունդն են նախընտրում: Նույնը վերաբերում է նաեւ թեթեւ արդյունաբերությանը: Ժամանակին ունեինք «Մասիս» ապրանքանիշի կոշիկներ, որոնք ճանաչված էին Ռուսաստանում: Այսօր էլ Ռուսաստանում ասում են՝ «ո՞ւր են ձեր «Մասիս» ապրանքանիշի կոշիկները»…ուրեմն, կառավարությունը պետք է կազմակերպի, օրինակ, այդ ապրանքանիշի կոշիկների արտադրությունը: Դա կարելի է անել որոշ արտադրողների միավորելով»:

Թե ինչու 2013թ.-ից մինչ օրս Հայաստանը չի օգտագործել նշյալ հնարավորությունները, մեր զրուցակցի համոզմամբ, կառավարությունն ավելի նախաձեռնող պետք է լինի արդյունաբերական քաղաքականության զարգացման գործում: Օրինակ՝ հանքարդյունաբերության պարագայում, Սաֆարյանի խոսքով, ոչ թե պետք է հումք արտահանվի, այլ պատրաստի արտադրանք:

 

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

07.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031