Լրահոս
Օրվա լրահոսը

Վրույր Ազիզյանի հայրենականչն ու պատումը

Հոկտեմբեր 09,2017 12:30

Օրերս լույս տեսած Վրույր Ազիզյանի «Փոթորկահույզ կյանքի հորձանուտում» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ «Մերիդան» կենտրոնում

Բացելով շնորհանդեսը՝ կենտրոնի ղեկավար Գագիկ Գեւորգյանն ասաց, որ ներկայացվում է բավականին հետաքրքիր մի գիրք, որի հեղինակը մասնագիտությամբ բժիշկ է։ «Նա արդեն 28 տարի մեզ հետ չէ, բայց թողել է ինքնատիպ գրական ժառանգություն, իսկ գրքի ընթերցանությունն այսօր էլ այդ մարդ-անհատականությանը մեր կողքին է պահում, որովհետեւ շարադրանքի ամեն տողում հայրենի եզերքի նվիրումն է դրսեւորվում,- ասաց Գ. Գեւորգյանը:- Նա իր պատումներում կարողանում է գտնել իր ժամանակի ոգին եւ ներկայացնել ընթերցողին»:

Բանաստեղծ Արտեմ Հարությունյանը ներկայացվող գրքի խմբագիրն է եւ օգնել է, որ այս հետաքրքիր եւ ինքնատիպ պատումները լույս աշխարհ գան, գնան դեպի ընթերցողը: Ներկայացնելով գիրքը՝ նա ասաց, որ դժվարանում է որոշել այս ստեղծագործության ժանրը, անգամ մտածում է, որ այն հավասար է արձակի` իր հետաքրքիր պատկերներով ու տիպական կերպարներով, որովհետեւ դրանցում հեղինակի վառ երեւակայությունը կա:
Պատահական չէ նաեւ, որ ըստ նրա՝ հեղինակը կարողանում է ընթերցողին մատուցել իր տեսածն ու ապրածը:

Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանն էլ, ով իրեն Ազիզյանների ընտանիքի բարեկամն է համարում, ասաց, որ շատ արժեքավոր գիրք է լույս տեսել, քանի որ այն պարզ, անկեղծ ու ջերմ պատմություն է ոչ միայն մեկ մարդու կյանքի, այլեւ մի ողջ ժամանակաշրջանի մասին:

Ելույթ ունենալով՝ գրքի հեղինակի որդին՝ բժիշկ Էդուարդ Ազիզյանն ասաց, որ հոր ձեռագիրը երկար ճանապարհ է անցել եւ գրքի լույս աշխարհ գալուն աջակցել են շատերը. «Իսկ շնորհանդեսի մասնակիցների կազմն ինձ հուշում է, թե գիրքը որքան թանկ է ամեն մեկի համար եւ, որ հիշողության ձայնը երբեք չի կորչում, քանի որ այն, ինչ թողել է կոչումով բժիշկ-մարդասեր Վրույր Ազիզյանը՝ մեծ սեր է կառուցվող հայրենիքի, կորուսյալ հող ու ջրի, հաղթանակած զինվորի, նրա մարդկային լինելության եւ հիշատակի համար»:
Գինեձոնը ենթադրում էր հանդիսույթից հետո նաեւ քննարկումներ, կարծիքների փոխանակումներ:

«Գրքին անգամ հպանցիկ ծանոթությունը թույլ է տալիս եզրակացնել, որ հեղինակը հայրենասեր անհատ է, ով կարողանում է երեւույթները յուրովի ներկայացնել ու գնահատել: Նա ամեն տեղ տեսնում է մարդկային արժեքը, առանց որի հնարավոր չէ կերտել ոչ հայրենիք եւ ոչ էլ երկիր,- մեր զրույցի ժամանակ ասաց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը,- ամենակարեւորը՝ հեղինակը ներկայացնում է Հայրենական մեծ պատերազմը եւ դրանում մեր ժողովրդի մեծ ներդրումը, թեկուզեւ իր եւ իր զինակիցների անցած ճանապարհով, որի մասին մոռանում են շատերը»:

Մեկ այլ զրուցակից՝ ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանն ասաց, որ Վրույր Ազիզյանի այս գիրքը պատմությունը հասկանալու եւ գնահատելու ձեռնարկի է հավասար, ուր ոչ միայն իր անցած ճանապարհն է, այլեւ այն մարդկանց ճակատագրերը, որոնց հետ շփվել է նա: «Տեսեք, թե ինչ հետաքրքիր կերպարներ է ստեղծում: Ասես նկարիչ լինի: Նա հավատում է, որ գրում է ոչ միայն իր ժամանակի համար»,- շարունակում է նա:

Ոսկերիչ Սարգիս Թորոսյանի կարծիքով էլ՝ մեր ժամանակը եւ ապագան հասկանալու համար, պետք է միշտ թերթել անցյալի գիրքը: Բայց Վրույր Ազիզյանի գիրքն այս դեպքում ոչ միայն անցյալի, այլեւ ներկայի ու ապագայի մասին է: Գրքի «Պատերազմի բավիղներում» հատվածում ինքնատիպ պատկերներ եւ մարդկային նկարագրեր է ստեղծում, որոնք ոչ միայն իր ժամանակի ծնունդն են, այլեւ անհրաժեշտ են բոլոր ժամանակների համար:

Եվ պատահական չէ, որ հեղինակը դիմելով ընթերցողին՝ գրում է. «Սիրելի՛ ընթերցող, չգիտեմ, թե ինչպես կընդունես իմ այս պատումը: Միայն կասեմ` ինչ-որ գրել եմ, պատշաճ շնորհով, թե թերի, գրել եմ անկեղծորեն, ի սրտե»։

 

Կ. ՏԻՏԱՆՅԱՆ

«Առավոտ»

07.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031