Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղում հիմա հանգիստ է, կրակոցներ չկան: Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը հայտնեց, որ մի շաբաթ առաջ Բերքաբերում հուղարկավորություն էր, ադրբեջանական զինուժը կրակ է բացել գյուղի վրա, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել:
Իջեւանի տարածաշրջանի Աճարկուտ գյուղի բնակիչ Հովիկ Ալավերդյանը, որն ազատ ժամանակ ձկնորսությամբ է զբաղվում, ասաց, որ այս տարվա ընթացքում 3 անգամ ադրբեջանցիները կրակ են բացել Ջողազի լճում նավակներով ձուկ որսացող բերքաբերցիների վրա: Հ. Ալավերդյանն ասաց, որ ինքը Ջողազի ջրամբարում ձկնորսությամբ զբաղվում է ադրբեջանական կրակոցներից համեմատաբար ապահով տեղանքում: Նրա խոսքերով՝ արհեստական լճում մինչեւ 30-40 կիլոգրամ քաշով ձկներ կան:
Արթուր Մադաթյանը հայտնեց, որ Բերքաբերը տուժում է ոչ միայն ադրբեջանական գնդակոծություններից, այլեւ`կարկտահարությունից: Հունիսի 10-ի կարկտահարությունից տուժել էին գյուղի ցանքատարածությունները եւ բազմամյա տնկարկները:
Սեպտեմբերի 6-ին գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ այցելել է Բերքաբեր: Նախարարը խոստացել էր, որ կառավարությունը կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին անհատույց կտրամադրի ցորենի սերմացու`25 հեկտար աշնանացան կատարելու համար: Ա. Մադաթյանն ասաց, որ օգնություն սերմացուն արդեն հատկացվել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ