Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում առաջին անգամ նշվեց «Բերքի տոնը» (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 08,2017 22:09

Այսօր Հայքի հրապարակը վերածվել էր գյուղմթերքների տոնավաճառի: Մարզի տարբեր համայնքներ հատկացված տաղավարներում ներկայացրել էին  իրենց համայնքի բերքն ու բարիքը: Յուրաքանչյուր համայնք փորձել էր ներկայացնել իր գյուղի յուրահատուկ մթերքը: Նախկինում տոնախմբությունը անց էր կացվում Գյուլագարակ համայնքի հարակից տարածքում, այս տարի տոնը կազմակերպվել էր Վանաձորում:

«Այս տարի որոշեցինք Վանաձորի հրապարակում նշենք, հաշվի առնելով ամենակարեւոր հանգամանքը, որ ուզում ենք մեր բերքն ու բարիքը ցույց տանք նաեւ քաղաքային համայնքներում, որովհետեւ գյուղմթերքի հիմնական սպառողը քաղաքային համայնքներն են: Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր բարիք արտադրողներն ու սպառողները կարողանան տեսնել, թե ինչ բարիք ենք մենք արտադրում, ցանկության դեպքում կարողանան նաեւ առեւտուր անեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:

Երաշտային եղանակի հետեւանքով այս տարի ամբողջ հանրապետությունում բերքատվությունն այս տարի անկում է ապրել 25-30 տոկոսով. «Հատապտուղների ու մրգերի առումով մենք աճ ունենք, հիմնականում դաշտավարությունն է, որ տուժել է եւ խոտհարքներն ու տեխնիկական մշակաբույսերը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Մարզի Արջուտ համայնքը եւս այս տարի տուժել է եղանակային պայմաններից, սակայն համայնքի ղեկավար Վարդան Մկրտչյանն ասում է, չեն հուսահատվում. «Բոլորին էլ երաշտն անհարմարություն պատճառեց, բայց աշխատող մարդն իրանը ստեղծում է, անկախ եղանակային պայմաններից: Ներկայացրել ենք ամեն ինչ, ինչ Աստված տվել է: Ոչ թե ընտրված լավագույններն ենք ներկայացնում, այլ այն ինչն իսկապես ունենք: Մեր համայնքին բնորոշ պոպոքն է, գիգանտ պոպոքներ են, մենք էլ անունը դրել ենք արջապոպոք: Բերքի տոնը շատ կարեւոր է, նախ, որ տրամադրություն է փոխվել ժողովրդի մեջ, ճանաչողություն, իմացություն, թե որ համայնքում ինչ է աճում, եւ նաեւ գոնե մի օր լավ տրամադրությամբ անցկացնելու համար»:

25 տարուց ավելի Կարեն Մարգարյանը զբաղվում է տոհմաբուծությամբ: Միջոցառմանը ներկայացրել էին տոհմային անասուններ. «Հայաստանում շատ քիչ կան տոհմային անասուններ, օրինակ` գյուղերում չկան: Մենք հենց առանձնանում ենք նրանով, որ մենք ուզում ենք, որ գյուղացիները գան, գնեն, ունենան: Սրանք տարբերվում են կաթնատվությամբ ու մսատվության որակով, որպես տոհմային անասուններ»:

Տոնական տրամադրությունն ուղեկցվում էր երգ ու պարով: Իսկ ամենատարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված համայնքներն ու գյուղատնտեսներն արժանացան շնորհակալագրերի ու նվերների:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031