#EUSportsFest-ի հոկտեմբերի 8-ի մրցաշարը լեռնային հեծանվավազքն էր, որը նախատեսված էր երեխաների և մեծահասակների համար: Այս միջոցառումը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության #EUSportsFest շրջանակներում անցկացվող մրցաշարերից մեկն է:
#EUSportsFest մրցաշարերը մեկնարկել են երեկ ՝ հոկտեմբերի 7-ին, և կանցկացվեն մինչև հոկտեմբերի 22-ը: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր միջոցառմանը ներկա էին և ողջույնի խոսքով հանդես եկան դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը:
Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին նույնպես միացավ հեծանվորդներին և իր օրինակով ոգևորեց հայ երիտասարդներին:
Լեռնային հեծանվավազքի մրցաշարին մասնակցեց 50-ից ավել հեծանվորդ: Առաջին տեղը զբաղեցրեց Տիրան Մարտիրոսյանը, երկրորդ տեղը՝ Էդուարդ Սարգսյանը, երրորդ տեղը զբաղեցրեց Հայկ Սահակյանը:
Դեսպանը շնորհավորեց մասնակիցներին. «Շնորհակալություն հայ երիտասարդներին, որ լավ օրինակ ծառայեցին, թե ինչպես պետք է զբաղվել սպորտով և մրցել լեռնահեծանվային սպորտաձևում: Նմանատիպ մարզական փառատոնները կշարունակվեն և, հուսով եմ, որ ավելի շատ հայ երիտասարդներ և հայ ընտանիքներ կմիանան մեզ»:
Միջոցառումները կազմակերպվում են Հայաստանի ազգային գոլֆի ասոցիացիայի, ՀԱԳԱ գոլֆի ակադեմիայի, Արարատ վալլի քաղաքամերձ ակումբի և Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» հետ համագործակցությամբ:
Եվրոպական սպորտային փառատոն-մրցաշարերի նպատակն է վերահաստատել, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում առողջ և ակտիվ կենսակերպի ու սպորտային տուրիզմի զարգացմանը:
ԵՄ պատվիրակություն Հայաստանում
Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժին