Այսօր Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Հոկտեմբերի 27-ի զոհերից մեկի՝ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը դիմել է իրավաբաններին՝ իրեն օգնելու եւ Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու համար: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ երբ նոր փաստեր են ի հայտ գալիս, գործը կարող է վերաբացվել: Նա հիշատակեց Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ դատապարտված բժշկի՝ Էդուարդ Գրիգորյանի խոսքերը՝ «Ժողովրդին» տված հարցազրույցում, ըստ որի՝ խոստանում է ողբերգական իրադարձության ողջ հանգամանքները պատմել, պատմել այն ամենը, ինչը «երկար տարիներ համառորեն եւ բավական փնթի ձեւով փորձում են թաքցնել հասարակությունից»:
Գրիգորյանն ասել էր, որ ինքը փաստեր եւ փաստաթղթեր է ցույց տալու. «Մինչև հիմա լրատվամիջոցները, չնչին բացառությամբ, իրենց տերերի պատվերով արել են ամեն ինչ, որպեսզի քննության առարկա չդառնան իրական պատճառներն ու հետևանքները: Այլապես հարցեր են առաջանալու, որոնց տակից նույն այդ տերերը երբեք չեն կարող դուրս գալ: Ընդ որում՝ տերերը ոչ միայն իշխանության մեջ են, այլև ընդդիմության: Առաջիկայում անուն առ անուն քննության կառնենք առավել նշանակալիցներին և կպարզենք, թե նրանցից ով ինչով էր զբաղված 1994-99թթ.: Առայժմ առանց մանրամասների մեջ խորանալու ասեմ, որ Հոկտեմբերի 27-ից առաջ իշխանությունը գոյատևում էր դրա պատճառներով, դրանից հետո` հետևանքներով: Իրավիճակն արմատապես շտկելու միակ ճանապարհը դեպքի, դրան նախորդած և հաջորդած իրադարձությունների մասին ամբողջ ճշմարտությունն ասելն է: Հրապարակելու եմ նյութեր քրեական գործից։
«Տուժողների» և «վկաների» ցուցմունքներից հատկապես երիտասարդները շատ բան կիմանան այսօր տարբեր հարթակներից կոկորդ պատռողների մասին և ավելի ուշադիր կլինեն քաղաքական «տարբեր ճամբարներ» ներկայացնող գործիչների հետ իրենց շփումներում։ Հուսով եմ, որ ապագայում նրանք կընտրեն ավելի լավ պառլամենտ, որտեղ պատգամավորների ընդհանուր պլանը չի հիշեցնի օժանդակ դպրոցի ավարտական լուսանկար»: Գրիգորյանը այս մասին հայտարարել էր 2014-ին, անցել է 3 տարի եւ նա ոչինչ չի ասել: Անահիտ Բախշյանն ասաց, որ «Եթե իրավաբանները հուշեն, որ դա կարող է դառնալ առիթ՝ Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու համար, եթե մեկը լինի, որ ասի՝ այո՛, կարող են, եւ կողքիս կանգնի՝ ես կանեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ