Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես Նաիրի Հունանյանի աչքերի մեջ նայել եմ եւ հարցրել՝ ինչո՞ւ Յուրային, ո՞ւմ արյունն էր ծծել, ի՞նչ էր արել Յուրան». Բախշյան

Հոկտեմբեր 08,2017 16:40

Մի քանի օրից կլրանա Հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձության 18 տարին: Մենք Հոկտեմբերի 27-ի զոհերից մեկի՝ Յուրի Բախշյանի կնոջից՝ Անահիտ Բախշյանից հետաքրքրվեցինք՝ այս տարիների ընթացքում Նաիրի Հունանյանի հետ հանդիպե՞լ եք, ի վիճակի՞ եք այսօր նրա աչքերի մեջ նայել, խոսել իր հետ, գուցե նա ձեզ ասելու բան ունենա: Տիկին Բախշյանը պատասխանեց. «Քանի տարի առաջ էր, լրագրողներդ այդպիսի հարց բարձրացրեցիք եւ ես ինձ թույլ տվեցի ընդամենը բանալու անցքից նայել, որ ինքը կա: Դրանից հետո ոչ մի տեղեկություն չունեմ, չեմ էլ հետաքրքրվել: Եթե հիմա Նաիրի Հունանյանի հետ դեմ-դիմաց նստելու հնարավորություն ստեղծվեր, ես կօգտվեի»:

Տիկին Բախշյանը պատմեց մի դրվագ՝ Նաիրի Հունանյանի հետ իր զրույցից, որը եղել է դատարանում. «Դատի ժամանակ, երբ Բախշյանի հետ կապված դատավարության մասը սկսվեց, ես իրեն հարցրել եմ անձամբ, աչքերի մեջ նայել եմ եւ ասել եմ՝ ինչո՞ւ Յուրային: Քո ասած ո՞ւմ արյունն էր ծծել, ի՞նչ էր արել Յուրան: Ինքը ինչ-որ հերյուրանքներ պատմեց, թե իբր Օդեսայում հայկական եկեղեցու բացումն է եղել, ինքը այդ ժամանակ այնտեղ էր ապրում, գնացել է իր գաղափարների վերաբերյալ փաթեթ է տվել Յուրային, Յուրան բանի տեղ չի դրել: Ես Օդեսայի ամբողջ տեսաերիզն ունեի, միջնորդեցի ու դատարանում նայեցինք:

Թափորը երեւում էր հայերով լեցուն, վերջում, այո Հունանյանը եւ իր եղբայրը կանգնած էին եւ ամբողջ ընթացքը տեսանկարահանված է: Նաիրի Հունանյանը ոչ մի պահ չի մոտենում Յուրային: Այսինքն, հորինել էր իր համար: Ես ասացի՝ մենք նույն թաղամասում ենք ապրել՝ կողք կողքի շենքերում, քո եղբայրն ու իմ աղջիկը նույն դասարանն են գնացել, դու այդ որտե՞ղ տեսար ու ե՞րբ հասկացար, որ Յուրան էլ է այն մարդկանց թվին պատկանում, ովքեր ժողովրդի արյունն են ծծել: Նա այդ հարցին չպատասխանեց, իհարկե: Ես մեղք եմ զգում, ամոթ եմ զգում, որ համառորեն չեմ պնդել, չեմ շարունակել, բայց մյուս կողմից էլ ես ուղղակի չգիտեի ինչ անել: Հիմա էլ արդեն 18 տարի է անցել, եւ ես…թեւերս կախվել են, իսկապես ունեմ մեղքի զգացում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031