Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախուտեստ «Պալմիրա»` շերտավոր խմորով եւ պեստո թանձրուկով

Հոկտեմբեր 08,2017 15:39

«Պալմիրա»` խխունջատիպ թխվածքներն այս անունն են կրում եւ սովորաբար լցոնված են լինում քաղցր միջուկով` շաքարավազ, դարչին, ընկույզ… Այսօր առաջարկում եմ պեստո թանձրուկով լցոնված պալմիրաների բաղադրատոմս:

Անհրաժեշտ մթերքները

Պեստո թանձրուկի համար

Բազիլիկ- 1 կապ

Մայրու ընկույզ- 50 գրամ

Քերած պարմեզան-0,5 բաժակ

Ձիթապտղի յուղ-0,5 բաժակ

Սխտոր-1 պճեղ

Պալմիրայի համար

Շերտավոր խմոր- 500 գրամ

Չորացրած լոլիկներ- 10-15 հատիկ

Մոցարելա կամ ֆետա պանիր- 200 գրամ

Պեստո թանձրուկ- 0,5 բաժակ

Պատրաստման եղանակը

Պեստոն կարող եք գնել սուպերմարկետներից, սակայն կարող եք պատրաստել ինքներդ: Դրա համար անհրաժեշտ է 1 կապ բազիլիկ (կանաչ ռեհան), որը երբեմն հանդիպում է սուպերմարկետներում, իսկ երեկ ես գնեցի շուկայից եւ վաճառող կինն այն կոչում էր «սրբազան»: Եթե չգտնեք, կարող եք փոխարինել մաղադանոսով: Պետք է նաեւ կես բաժակ մայրու ընկույզ (кедровый орех), որը կարող եք փոխարինել սովորական ընկույզով, 3-4 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, 1 պճեղ սխտոր, կես բաժակ քերած պարմեզան: Բազիլիկի միայն տերեւները վերցրեք, ցողունը շատ կոպիտ է, լավ լվացեք, չորացրեք, եւ բլենդերով հարեք մյուս բաղադրիչների հետ միասին:

 

Շերտավոր խմորը գրտնակեք ուղղանկյունաձեւ: Վրան տարածեք պեստո թանձրուկից: (Ավելացած պեստոն մի քանի օր կարող եք պահպանել սառնարանում, պեստոյով շատ համեղ է լինում ցանկացած մակարոնեղեն, բրինձ, խաշած կարտոֆիլը): Ապա մանրեք ֆետա պանիր կամ մոցարելայի փոքրիկ գնդիկներ: Կտրատեք մի քանի հատ չորացրած լոլիկ: Այսպիսի լոլիկ` բուսական յուղի մեջ պահածոյացված, վաճառում են սուպերմարկետներում, սակայն կարող եք նաեւ ինքներդ պատրաստել հետեւյալ բաղադրատոմսով ` «Ընդարմացած լոլիկներ»:

Խմորի մի եզրից սկսեք զգուշությամբ եւ ձիգ փաթաթել: Հենց հասնեք մեջտեղին, շուռ տվեք եւ փաթաթեք մյուս կողմից: Երկու կողմերը միացրեք իրար, որ եփվելիս չբացվի: Խմորը դրեք սառցախցիկ` 15-20 րոպեով, որպեսզի հետո հեշտ կտրատվի: Կարող եք նաեւ 0,5-1 ժամով դնել սառնարան:

Հանեք սառցախցիկից եւ կտրատեք 1 սմ լայնությամբ: Շարեք տապակի մեջ եւ դրեք նախապես 200-220 աստիճանով տաքացրած ջեռոցը` մոտ 15-20 րոպեով: Կարող եք մատուցել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031